Կրակոցներ Երևանի կենտրոնում․ մահափորձ Վանուշ Վելիկիի և Հովհաննես Թորոսյանի դեմ
2023 թվականի հոկտեմբերի 22-ին, Երևանի Ամիրյան փողոցում, օրվա ցերեկային ժամերին հնչել են կրակոցներ։ Հանցագործության թիրախում են եղել Վանուշ Վելիկին և Հովհաննես Թորոսյանը։
Ականատեսների հաղորդմամբ՝ լսվել են մի քանի կրակոցներ, ինչից հետո դեպքի վայրից մեծ արագությամբ հեռացել է սև «Լադա» մակնիշի ավտոմեքենա։
Վանուշ Վելիկին ստացել է վնասվածք ոտքի շրջանում և տեղափոխվել է հիվանդանոց։ Նրա վիճակը բժիշկների գնահատմամբ կայուն է, իսկ կյանքին վտանգ չի սպառնում։
Հավաստի աղբյուրներից պարզ է դարձել, որ Վանուշ Վելիկին, ով փոխել է իր ազգանունը՝ փորձելով թաքցնել ինքնությունը, հանդիսանում է հայտնի գործարար Վանուշ Թորոսյանի թոռը։ Վերջինս սպանվել էր 2003 թվականի օգոստոսի 31-ին Մոսկվայում՝ Դվին հյուրանոցի պատճառով ծագած կոնֆլիկտի հետևանքով։
Բացի այդ, 2008 թվականի մարտի 1-ին, հայտնի իրադարձությունների ժամանակ, դիպուկահարի կրակոցից հաշմանդամի սայլակին գամվեց նրա որդին՝ գործարար Ռուբեն Թորոսյանը։ Ոչ մի դեպք մինչ օրս բացահայտված չէ, ինչը բազմաթիվ վարկածների և կասկածների տեղիք է տալիս։ Փաստացի, թվում է, որ հետապնդումները շարունակում են փոխանցվել սերունդներով։
Նշենք, որ Դվին հյուրանոցը, որն ի սկզբանե պատկանում էր Թորոսյանների ընտանիքին, արդեն վերցվել և վաճառվել է այլ անձանց։
Ըստ մեր տեղեկությունների՝ կասկածյալներից մեկն այդ տարիներին համարվում էր Ռոբերտ Քոչարյանը, սակայն նրան ոչ մի դեպքով մեղադրանք չի առաջադրվել և դատապարտում տեղի չի ունեցել։
Իրավապահ մարմինները շարունակում են որոնողական և օպերատիվ գործողությունները՝ հանցագործների գտնվելու վայրը պարզելու և նրանց բերման ենթարկելու համար։
Դեպքի մանրամասները պարզվում են։