Նախօրեին ԱԻՆ հրշեջ ծառայության լրատվական բաժնից հայտնել էին, որ դեկտեմբերի 2-ին Աբովյան քաղաքի Սարալանջի 13 հասցեում գտնվող շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր ժամանած հրշեջներին հաջողվել էր կրակը շուտ մարել և թույլ չտալ հետագա տարածումը։
Ուշագրավը սակայն այն է, որ բնակարանը պատկանում է «Միասնական Հայաստան» հասարակական կազմակերպության նախագահ Վահան Կոստանդյանին, որի հետ կապ չկարողացանք հաստատել։
Վերջին տարիներին աչքի էր ընկնում ընդգծված ընդդիմադիր քաղաքական հայացքներով ու հակակառավարական գործողություններով։ Սա նրա կուսակցական ընկերների ու համախոհների շրջանում կասկած է հարուցել, որ կատարվածը ոչ թե պատահականություն էր, այլ դիտավորություն։
«Միասնական Հայաստան» հասարակական կազմակերպության անդամներից մեկը, որ ցանկացավ չհրապարակել իր անունը, մեր լրագրողի հետ առանձնազրույցում համոզմունք է հայտնել, որ Կոստանդյանի բնակարանում սովորական հրդեհ չի բռնկվել , այլ հրկիզվել է ինչ որ անձանց կամ ուժերի կողմից։
Հիշեցնենք, որ հարևանները լրագրողներին պատմել էին, որ հրդեհից առաջ ոստիկանությունից պարբերաբար եկել են Կոստանդյանի տուն, տեսել են, որ դուռը փակ է և սկսել են հարևաններից հետաքրքրվել, թե որտեղ է գտնվում է Կոստանդյանը, արդյոք տեղափոխվել է այլ հասցե, թե մեկնել է երկրից։ Հարևանները հստակ հիշում են , որ բնակարանում հրդեհը նկատել են ոստիկանների հեռանալուց մոտ 20 րոպե հետո ։
Մեր լրագրողի զրուցակիցը համոզված է, որ ոստիկանությունը փորձել է անօրինական խուզարկություն իրականացնել Կաստանդյանի բնակարանում , բայց նման հնարավորություն չունենալով կազմակերպել են հրկիզում։ Հատկանշական է, որ նույնիսկ հրդեհի մարումից հետո, թույլ չեն տվել Կոստանյանի ազգականներին մուտք գործել բնակարան, հասկանալ ինչ վիճակում է բնակարանը։
Մեր հարցերի ի պատասխան ներկայանալ չցանկացող անձը համոզմունք է հայտնել, որ կատարվածը ուղղակի կապ ունի Կոստանդյանի քաղաքական դիրքորոշման հետ և սրանից առաջ էլ իրականացվող հետապնդումների տրամաբանության մեջ է, նշում որ նույնիսկ տարիներ առաջ մուտքի մոտ ոստիկանների կողմից ձեռբակալություն է տեղի ունեցել Վահանի նկատմամբ։
Ոստիկանությունում առայժմ չեն տրամադրում տեղեկատվություն, թե ինչն է եղել հրդեհի պատճառը , նաև խուսափում են որևէ մեկնաբանություն տալ շրջանառվող վարկածի մասին, որ Կոստանդյանի բնակարանը հնարավոր է միտումնավոր է հրկիզվել։