Փարիզի դատարանը երեքշաբթի հայտնել է, որ երեք բողոք է ներկայացվել ծայրահեղ աջ «Ազգային հանրահավաք» կուսակցության դեմ, որի առաջնորդ Մարին Լը Պենին արգելվել է հինգ տարով առաջադրվել նախագահի պաշտոնում, սակայն բողոք ներկայացնողի մասին մանրամասներ չի հայտնել։ Դրա մասին հայտնել է Reuters-ը:

Վերաքննիչ դատարանի հայտարարության մեջ ասվում է, որ բողոքների վերաբերյալ որոշում կընդունի 2026 թվականի ամռանը՝ 2027-ի նախագահական ընտրություններից առաջ։

Երկուշաբթի ստորին ատյանի դատարանը Լը Պենին և նրա «Ազգային միավարում» կուսակցության երկու տասնյակ մարդու մեղավոր ճանաչեց ԵՄ ֆինանսական միջոցները յուրացնելու մեջ: Դատարանն անհապաղ հնգամյա արգելք դրեց Լը Պենի նկատմամբ, ինչը նրան կզրկի 2027 թվականին առաջադրվելու հնարավորությունից, եթե մինչ այդ նա չկարողանա շահել որոշումը չեղարկող բողոքարկումը:

Լը Պենի փաստաբանը երկուշաբթի հայտարարել է, որ կբողոքարկի վճիռը, սակայն պարզ չէ՝ արդյո՞ք բողոքարկել է:

Արգելքը չի կասեցվի նրա ներկայացրած բողոքարկման ընթացքում։ Լը Պենի կողմնակիցները երկրում և արտերկրում վարչական մարմինն անվանել են կողմնակալ և ոչ ժողովրդավարական, իսկ կուսակցության նախագահ Ջորդան Բարդելլան ֆրանսիացիներին կոչ է արել այս շաբաթավերջին բողոքել որոշման դեմ:

Դատավոր Բենեդիկտ դե Պերտուիսը, որը երկուշաբթի ընդունել է որոշումը, հայտարարել է, որ Լը Պենը ԵՄ միջոցներից ավելի քան 4 միլիոն եվրոյի յուրացման սխեմայի «կենտրոնում է»:

Դե Պերտուիսը նշել է, որ Լը Պենի և մյուս մեղադրյալների «զղջման բացակայությունը» պատճառներից մեկն էր, որ դատարանն անմիջապես արգելել է նրանց առաջադրվել նախագահի պաշտոնում:

Լը Պենը դատապարտվել է նաև չորս տարվա ազատազրկման՝ երկու տարի պայմանական և երկու տարի տնային կալանքի և 100 հազար եվրո տուգանքի, բայց դրանք չեն կիրառվի այնքան ժամանակ, քանի դեռ նրա բողոքարկումները չեն սպառվել։