
Շվեդիան պետք է ստանձնի Եվրոպայի պաշտպանունակության մեծացման նախաձեռնությունը, հայտարարել է պաշտպանության հարցերով ԵՄ հանձնակատար Անդրյուս Կուբիլյուսը, հաղորդում է SVT-ն։
«Մենք քիչ ժամանակ ունենք»,- ասել է նա վերջերս Շվեդիա կատարած այցի ժամանակ։
Լրատվամիջոցի տվյալներով, Կուբիլյուսը Շվեդիա է այցելել կառավարության և պաշտպանական արդյունաբերության ներկայացուցիչների հետ բանակցելու նպատակով։
Եվրոպան կանգնած է ժամանակակից կյանքում իր ամենամեծ վերազինման առաջ, և ԵՄ հանձնակատարը ցանկություն է հայտնել, որ Շվեդիայի նման երկրները գլխավորեն այդ գործընթացը:
«Շվեդիան շատ հզոր պաշտպանական արդյունաբերություն ունի և իրականացնում է լայնածավալ վերազինում, ուստի այն լավ օրինակ է մյուս անդամ երկրների համար»,- ասել է Անդրյուս Կուբիլյուսը։
Եվրոպական հանձնաժողովը մշակել է «Պատրաստություն 2030» ծրագիրը (նախկինում՝ «ReArm Europe»), որը, ի թիվս այլ բաների, երկարաժամկետ ֆինանսավորում է տրամադրելու անդամ պետությունների վերազինման համար։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է 800 միլիարդ եվրոյի ներգրավման մասին։
Այդ նպատակն իրագործվում է, մասնավորապես, բյուջետային կանոնների փոփոխությամբ և 150 մլրդ եվրո գումարի վարկերի տրամադրմամբ։ Ռեսուրսները կօգտագործվեն ինչպես սպառազինության, այնպես էլ Ուկրաինային աջակցելու համար։