
«Վրացական երազանքի» պատվավոր նախագահ և հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին հաստատել է, որ հրաժարվել է ԱՄՆ դեսպանի հետ հանդիպումից, հաղորդում է Новости-Грузия-ն։
Իվանիշվիլին որպես այլընտրանք առաջարկել է հանդիպում վարչապետի հետ, սակայն դեսպանը հետաքրքրված չէր։
Դրա մասին ասված է Իվանիշվիլիի այսօր տարածած հայտարարության մեջ։
«Մերժմանը զուգահեռ, մենք դեսպանին Վրաստանի վարչապետի հետ հանդիպում առաջարկեցինք։ Վարչապետը որևէ պաշտոնական կամ ոչ պաշտոնական պատժամիջոցների տակ չէ և, հետևաբար, չի կարող որևէ բարդույթ ունենալ անձնական շանտաժի առնչությամբ։ Սակայն դեսպանը հրաժարվեց դա անել, ինչը հաստատում է մեր այն կարծիքը, որ նրանք վրացական կողմի պետական շահերին վերաբերող հնարավոր որոշումներ ընդունելու առաջատար գործոն են համարում անձնական շանտաժը։
Նրանք կարող են ասել, որ ես՝ որպես իշխող կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ, հատուկ ազդեցություն ունեմ որոշումների ընդունման վրա։ Սակայն վստահեցնում եմ, որ իշխող կուսակցությունում ոչ մի հիմնարար որոշում չի ընդունվում առանց թիմի, առաջին հերթին՝ վարչապետի մասնակցության։ Ինձ հետ անձնական հանդիպման խնդրանքի միակ բացատրությունը կարող է լինել միայն այն, որ նման հանդիպումը նրանց համար անձնական շանտաժի համար արժեքավոր կլինի», — ասել է նա։
Իվանիշվիլիի կարծիքով՝ իր դեմ կիրառվող պաշտոնական և ոչ պաշտոնական պատժամիջոցների թեմաները, դրանց թվում՝ «արգելափակված գումարը», կարող են օգտագործվել որպես շանտաժի առարկա։ Միևնույն ժամանակ, Իվանիշվիլին պնդում է, որ վրաց-ամերիկյան հարաբերությունները կարգավորելու համար ինքը «պատրաստ է արգելափակված գումարը ծախսել ոչ թե անձնական նպատակների, այլ ցանկացած նպատակի համար, որը նրանք կառաջարկեն», սակայն դա հանդիպական հետաքրքրություն չի առաջացրել։
Եզրափակելով՝ Իվանիշվիլին գրում է, որ աջակցում է վրաց-ամերիկյան հարաբերությունների՝ «մաքուր էջից և կոնկրետ ճանապարհային քարտեզով» սկսվող վերաբեռնում առաջարկող Վրաստանի կառավարությանը։