Ռումինիայում սահմանը հատելիս ձերբակալել են Ուկրաինայի երկու քաղաքացու։ Նրանք փորձել են ապօրինի տեղափոխել ԱՄՆ դոլարով խոշոր գումար, որն առգրավվել է։ Այս մասին հայտնում է РБК-Украина-ն՝ հղում անելով ռումինական սահմանապահ ոստիկանության հայտարարությանը։

Նշվում է, որ Ուկրաինայի 49-ամյա քաղաքացին և նրա՝ երկքաղաքացիություն ունեցող 39-ամյա կինը ցանկացել են հատել սահմանը Վադուլ-Սիրետ անցակետի հատվածում։ Նրանք հագուստի տակ թաքցրել էին 1,4 մլն դոլար։

«Հիմնավոր կասկածի հիման վրա համատեղ վերահսկիչ խումբը մանրակրկիտ զննություն է իրականացրել, որի ընթացքում այդ երկու անձանց մարմնի վրա թաքցված զգալի գումար է հայտնաբերվել»,- ասված է հաղորդագրության մեջ։