Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կիրակի օրը հայտարարել է առաջիկա երկու տարում 6,5 միլիարդ եվրոյի լրացուցիչ ռազմական ծախսերի մասին՝ «Ռուսաստանի, ահաբեկիչների և առցանց հարձակումների կողմից նոր և աննախադեպ սպառնալիքների պատճառով», հաղորդում է 
Associated Press-ը։

Ֆրանսիայի ղեկավարը ծախսերի ծրագրերը ներկայացրել է իր ելույթում, որում կոչ է արել ակտիվացնել Եվրոպայի պաշտպանությանն ուղղված ջանքերը։ Նա հայտարարել է, որ Ֆրանսիան մտադիր է պաշտպանությանը տարեկան 64 միլիարդ եվրո հատկացնել, ինչը կրկնակի անգամ կգերազանցի 32 միլիարդ եվրոյի տարեկան ծախսերը, երբ նա 2017 թվականին ստանձնեց նախագահի պաշտոնը։

«1945 թվականից ի վեր ազատությունը երբեք նման սպառնալիքի տակ չի եղել և երբեք այսքան լուրջ չի եղել», — ասել է Մակրոնը ազգային տոնի՝ Բաստիլի գրավման օրվա նախօրեին զինվորականների առջև Ֆրանսիայի նախագահի ավանդական ելույթում։ — «Այս աշխարհում ազատ լինելու համար մեզնից պետք է վախենան։ Որպեսզի մեզնից վախենան, մենք պետք է ուժեղ լինենք»։

Ըստ Մակրոնի, Ֆրանսիան կարող է գումար գտնել զինված ուժերի վրա ավելի շատ ծախսելու համար, նույնիսկ եթե փորձում է կրճատել հսկայական պարտքերը։ «Եվրոպան վտանգի տակ է Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի և Մերձավոր Արևելքի պատճառով, ինչպես նաև այն պատճառով, որ Միացյալ Նահանգները որոշակի անորոշություն է մտցրել», — ասել է Ֆրանսիայի նախագահը։

Նա նաև նշել է «օտարերկրյա կառավարությունների» կողմից իրականացվող առցանց ապատեղեկատվական արշավները և «էկրանի դարաշրջանում» երեխաների դեմ ուղղված քարոզչական գործողությունները։

Մակրոնը նաև հրամայել է Ֆրանսիայի բարձրաստիճան ռազմական և պաշտպանական պաշտոնյաներին «ռազմավարական երկխոսություն» սկսել եվրոպացի գործընկերների հետ այն դերի շուրջ, որը Ֆրանսիայի միջուկային զինանոցը կարող է խաղալ Եվրոպայի պաշտպանության գործում։ Վերջերս Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան պայմանավորվել են համագործակցել միջուկային զինանոցի հարցերի շուրջ։