Ամերիկյան լրատվամիջոցներում կիրակի օրը հրապարակված մի շարք հարցազրույցներում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմի խաղաղ կարգավորման հասնելու համար «երկու կողմերն էլ ստիպված կլինեն զիջումների գնալ»։

«Անհնար է խաղաղության համաձայնագիր կնքել, եթե երկու կողմերն էլ զիջումների չգնան. սա փաստ է։ Սա արդարացի է գրեթե ցանկացած բանակցությունների համար։ Հակառակ դեպքում դա կոչվում է կապիտուլյացիա։ Եվ կողմերից ոչ մեկը չի պատրաստվում հանձնվել։ Այնպես որ, երկու կողմերն էլ ստիպված կլինեն զիջումների գնալ»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը։

Ըստ Ռուբիոյի, Ալյասկայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի միջև պատերազմի դադարեցման շուրջ վերջերս կայացած բանակցությունները «առաջընթացի են հանգեցրել այն առումով, որ մենք որոշել ենք համաձայնության պոտենցիալ ոլորտները, սակայն որոշ լուրջ տարաձայնություններ դեռ մնում են»։

«Խաղաղության համաձայնագրի կնքումից դեռ հեռու ենք։ Խաղաղության համաձայնագրի շեմին չենք։ Դրա եզրին չենք։ Բայց կարծում եմ, որ առաջընթաց է գրանցվել, և մոտենում ենք դրան»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը։

Ըստ նրա, ի վերջո, եթե խաղաղության համաձայնագիր չլինի, եթե այս պատերազմը չավարտվի, «նախագահը հստակ հասկացրել է, որ հետևանքներ կլինեն»։

«Բայց փորձում ենք խուսափել դրանից։ Եվ այն, թե ինչպես ենք փորձում խուսափել այդ հետևանքներից, հանգեցնում է էլ ավելի լավ արդյունքի՝ խաղաղության, ռազմական գործողությունների դադարեցման»,- հավելել է նա։