Գերմանիայի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Դոբրինդտը հայտարարել է, որ հոկտեմբերի 4-ին Մյունխենում անցկացվելիք Եվրոպայի ներքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ կբարձրացնի անօդաչու թռչող սարքերից պաշտպանության հարցը։

Նախարարական հանդիպումը սկզբնապես նախատեսված էր միգրացիայի հարցերին։ Գերմանիայի արևմտյան Սաարբրյուկեն քաղաքում ելույթ ունենալով՝ Դոբրինդտը շեշտել է անօդաչու թռչող սարքերից պաշտպանության ոլորտում լրացուցիչ քայլերի անհրաժեշտությունը։ «Այս շաբաթավերջին Մյունխենում անցկացվելիք Եվրոպայի ներքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ, միգրացիայի հարցերից բացի, մենք մանրամասն կքննարկենք անօդաչու թռչող սարքերին առնչվող իրավիճակը և դրանցից բխող սպառնալիքը»,- լրագրողներին ասել է նա։

Հոկտեմբերի 4-ին մի շարք եվրոպական երկրների ներքին գործերի նախարարներ կհանդիպեն Մյունխենում՝ անօրինական միգրացիայի դեմ պայքարի հարցերը քննարկելու նպատակով։ Ակնկալվում է, որ ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրունները, ինչպես նաև Գերմանիայի, Իտալիայի, Լյուքսեմբուրգի, Լեհաստանի և Շվեյցարիայի ներքին գործերի նախարարները, նրանց թվում նաև Բելգիայի, Նիդեռլանդների և Շվեդիայի միգրացիայի հարցերով պատասխանատու նախարարները կմասնակցեն հանդիպմանը։

Դոբրինդտը սեպտեմբերի 27-ին հայտարարել էր, որ ուրբաթ երեկոյան Շլեզվիգ-Հոլշտայնի վրայով նկատվել են անօդաչու թռչող սարքերի խմբեր։ Նախարարը նշել է Գերմանիայի երկնքում անհայտ անօդաչու թռչող սարքերի նկատումների թվի աճը և հայտարարել, որ մտադիր է այս աշնանը կասկածելի անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի ծրագիր ներկայացնել։ Հոկտեմբերի 2-ի երեկոյան Մյունխենի միջազգային օդանավակայանից չվերթները դադարեցվել էին մի քանի անհայտ անօդաչու թռչող սարքերի հայտնաբերման պատճառով։ Օդանավակայանը վերսկսել է գործունեությունը միայն հոկտեմբերի 3-ի առավոտյան։ Bild-ի տվյալներով՝ ոստիկանությունը դեռևս չի կարողացել պարզել, թե ով է արձակել անօդաչու թռչող սարքերը։