Դատարանը Մոսկվայի բնակչին դատապարտել է 18 տարվա ազատազրկման՝ 2000 թվականին կնոջը ծեծելու և յոթերորդ հարկի պատուհանից ցած նետելու համար, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Մոսկվայի դատախազությանը։

Հանցագործությունը չի հաջողվել տաք հետքերով անմիջապես բացահայտել։ Սակայն, դատախազությունում քրեական գործի նյութերն ուսումանսիրելուց հետո, հետաքննությունը վերսկսվել է։ Երկու կասկածյալների ինքնությունը հաստատվել է, նրանցիցի մեկը ձերբակալվել է։

«Քառորդ դար անց մոսկվացին մեղավոր է ճանաչվել մի խումբ անձանց կողմից սպանություն կատարելու մեջ և դատապարտվել է 18 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի ուղղիչ գաղութում։ Հանցագործությունը բացահայտվել է Պերովսկի միջշրջանային դատախազության համակարգմամբ»,- ասված է դատախազության թելեգրամյան ալիքում տարածված հայտարարության մեջ։

Դատախազությունը նշում է, որ դատավճիռը դեռևս ուժի մեջ չի մտել և կարող է բողոքարկվել։

Դատախազության տվյալներով՝ 2000 թվականի նոյեմբերի 23-ին Մոսկվայի Չելյաբինսկայա փողոցի շենքերից մեկի պատուհանների տակ հայտնաբերվել է  30-ամյա կնոջ դի՝ կոտրվածքներով և բազմաթիվ վերքերով։

«Պարզվել է, որ մահացածը բնակելի շենքում խմելիս ընդհարվել է նախկինում ծանոթ երկու տղամարդկանց հետ։ Վիճաբանության ընթացքում նրանք ծեծել են կնոջը, խեղդել, մուրճով և դանակով բազմաթիվ հարվածներ հասցրել, որից հետո, երբ նա դեռ ողջ էր, նետել են յոթերորդ հարկի բնակարանի պատուհանից»,- հայտնել են վերահսկողական մարմնից։

Դատախազությունը հայտնել է, որ երկրորդ կասկածյալը մահացել է, և նրա դեմ քրեական հետապնդումը դադարեցվել է։