ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը հայտարարություն է տարածել այն մասին, որ Անդրանիկ Քոչարյանը Սերժ Սարգսյանի պատասխանները հատվածաբար վերաշարադրելիս ոչ լիարժեք է ներկայացրել դրանք։
«2016թ. ապրիլին տեղի ունեցած ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստից հետո հանձնաժողովի նախագահը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ որոշ մանրամասներ է ներկայացրել նիստի շրջանակներում ՀՀ երրորդ նախագահի հետ հանձնաժողովի անդամների ունեցած հարցուպատասխանից, այդ թվում` նիստին Յուրի Խաչատուրովի չներկայանալու, «Հաղթանակի ապրիլ» ֆիլմի, պատերազմի ժամանակ եղած թերացումների վերաբերյալ»,-նշել է գրասենյակի պատասխանատու Մերի Հարությունյանը:
«Նիստում ՀՀ երրորդ նախագահի արտահայտած մտքերը ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահի հատվածաբար վերաշարադրման արդյունքում լիարժեք և ճշգրտորեն չեն արտացոլել այն ձևակերպումները, որ նիստում ուղղակիորեն արվել են նախագահ Սարգսյանի կողմից, հետևաբար` ամբողջապես չեն ներկայացնում ողջ իրողությունը: Միանգամայն հասկանալի է, որ հանձնաժողովի նախագահի, ինչպես և ցանկացած մեկի համար ֆիզիկապես դժվար է ստույգ հիշել հինգ ժամ տևած նիստում նախագահ Սարգսյանի հնչեցրած ձևակերպումները (նիստն ամբողջությամբ տեսաձայնագրված է և այս տեսանկյունից չի կարող տարաբնույթ մեկնաբանությունների արժանանալ):
Նիստը, ՀՀ երրորդ նախագահի գնահատմամբ, ամբողջությամբ անցել է կառուցողական մթնոլորտում, սակայն կարևոր է աշխատանքի ավարտին հանձնաժողովի վերջնական եզրակացությունը:
Նախագահ Սարգսյանը, ինչպես երեկ խորհրդարանում հայտարարել է, արտակարգ դրության ավարտից անմիջապես հետո հրավիրելիք մամուլի ասուլիսում հանգամանորեն կանդրադառնա այս և ապրիլյան պատերազմի թեմայով բոլոր հարցերին, որոնք կհետաքրքրեն լրատվամիջոցների ներկայացուցիչներին»:
https://www.facebook.com/3rdPresidentofRA/photos/a.193436728254372/365319294399447/?type=3&__xts__%5B0%5D=68.ARDMtZ3uvvpGazVsIEMoVyxGPEtP792HGimIhIU5Fl__8br_eKOZpU44OY_2wyD8uS2jiUKXce0yZRBstR1mYSVoMvY36SHrKueX1mtJ2OmgUTzd_bELgNgKCz6iiBvGfGOdMOnm1MjfnBybwfyPLQviMHawEubwpStnyUi8rshSXJwkUNHRluKwPzH6Ot9AQ3xxNAcxyKCFVOuGpG_YT4kn15ECTIa0GWXgaiiXVBx7r8YYCwVmu56Sq6NpTjka_NtbAoyXSm1Ud8ElDEp0sYl_JuQRhtpE6Dyrrok1bVfhOO0l7A1BtH-U3KECQ4VNpqXb0dpmSNNGW0hqWgI4ijM&__tn__=-R