Գիտնականները զգուշացնում են, որ առաջիկա տարիներին Կալիֆոռնիան կարող է ենթարկվել աղետալի երկրաշարժի։ ԱՄՆ երկրաբանական ծառայության (USGS) սեյսմոլոգները զգուշացնում են, որ Կալիֆոռնիայում հզոր երկրաշարժի՝ այսպես կոչված «Big One»-ի հավանականությունը կտրուկ աճել է։

Նախորդ գիշերը Հյուսիսային Կալիֆոռնիայի ափերի մոտ տեղի է ունեցել յոթ ցնցում, որոնցից հինգը՝ միմյանցից մի քանի րոպե տարբերությամբ, հաղորդում է գերմանական Bild պարբերականը։ Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան, սակայն մասնագետները դա մտահոգիչ ազդանշան են համարում։

ԱՄՆ երկրաբանական ծառայության աշխատակցուհի Սառա Մինսոնի համոզմամբ՝ հավանականությունը, որ «Big One»-ը կհարվածի Սան Ֆրանցիսկոյին մինչև 2055 թվականը, այժմ 72 տոկոս է։ Նա նշել է, որ առաջիկա 30 տարիների ընթացքում «ավելի քան հավանական է», որ Հյուսիսային Կալիֆոռնիայում 6,7 կամ ավելի մեծ ուժգնությամբ երկրաշարժ տեղի կունենա։ Փորձագետներից ոմանք ենթադրում են, որ դա կարող է տեղի ունենալ նույնիսկ ավելի վաղ՝ արդեն 2032 թվականին։

Մասնագետների համար հատկապես մտահոգիչ է գրեթե 1300 կիլոմետր երկարությամբ Սան Անդրեասի բեկվածքը, որն անցնում է ամբողջ Սան Ֆրանցիսկոյի ծոցի տարածքով։

Գիտնականները ենթդարում են, որ հենց այստեղ կարող է տեղի ունենալ հաջորդ աղետալի երկրաշարժը։ Սան Ֆրանցիսկոյի մոտակայքում՝ Լոմա Պրիետայում, 1989 թվականին տեղի ունեցած վերջին խոշոր երկրաշարժը 63 մարդու կյանք խլեց, տուժեց մոտ 4000 բնակիչ։