Բրուքլինի գիշերային ակումբում մի քանի զինված անձանց մասնակցությամբ գիշերային հրաձգության հետևանքով երեք մարդ զոհվել է, ևս ինը՝ վիրավորվել, հաղորդում է NBC News-ը։

Հրաձգությունը տեղի է ունեցել Քրաուն Հայթս թաղամասի Ֆրանկլին պողոտայում գտնվող Taste of the City բարում, մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Նյու Յորքի ոստիկանության հանձնակատար Ջեսիկա Թիշը։

Ըստ Թիշի, տեղական ժամանակով առավոտյան 03:27-ին սպասասրահում հրաձգության մասին ահազանգեր են ստացվել, և ոստիկանները մի քանի րոպե անց ժամանել են դեպքի վայր։

«Նախնական տվյալներով, մեզ հայտնի է, որ լեփ-լեցուն ակումբում վեճ է տեղի ունեցել, որը հանգեցրել է հրաձգության,- լրագրողներին ասել է Թիշը։- Կարծում ենք՝ այս միջադեպին մասնակցել է մինչև չորս հրաձիգ»։

Կասկածյալներից ոչ ոք չի ձերբակալվել, և քաղաքային իշխանությունները հանրությանը կոչ են արել տրամադրել հրաձգության հետ կապված ցանկացած տեղեկություն։ Ներկայումս համարվում է, որ սա հանցախմբի ձեռքի գործն է, ասել է Թիշը։

Ոստիկանությունը հայտնել է, որ դեպքի վայրում հայտնաբերվել է 42 պարկուճ, ըստ հանձնակատարի, 9 մմ և 45 մմ տրամաչափի ատրճանակներից։

Մոտակայքում հրազեն է հայտնաբերվել, սակայն առայժմ պարզ չէ, թե արդյոք այն օգտագործվել է միջադեպի ընթացքում։ Ըստ Թիշի, զոհվել են 27-ամյա, 35-ամյա տղամարդիկ և 19-ամյա մի երիտասարդ։

Ըստ նրա, տուժածները տեղափոխվել են տեղի հիվանդանոցներ՝ կյանքին վտանգ չսպառնացող վնասվածքներով։