Հունիսի 20 -ի ընտրությունները կոչված էին լուծելու Արցախյան պատերազմի ծանր պարտությունից հետո Հայաստանում ստեղծված ներքին անվստահության ու իշխանությունների լեգիտիմության հարցը, սակայն վերլուծաբանների համոզմամբ ճգնաժամն ավելի խորացավ։ Ընդդիմադիր ուժերի եզրակացությունները գրեթե նույնն են, որ Փաշինյանի կառավարությունը և նրան սատարող քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը փափուկ ուժի կիրառմամբ , հակաքարոզչությամբ և իշխանական բոլոր լծակների կիրառմամբ ուղղակի վերարտադրվեց՝ իրականում ընտրության հնարավորություն չընձեռելով ընդդիմությանը։ Տեղական դիտորդներն ու անկախ փորձագետները բազմաթիվ կոպիտ ընտրախախտումներ են արձանագրել: ԱԺԲ անդամ Սասուն Բալումյանն ընտրությունները դիտարկել է որպես իր ներկայացրած քաղաքական ուժի կողմօց ներկայացված վստահված անձ։ Նրա վկայությամբ՝ ընտրություններում տեղ են գտել ընտրակեղծիքների բոլոր հայտնի սխեմաները, որոնց համար փաշինյանական կառավարությունը շարունակ քննադատում է նախկիններին։ « Ես ականատես եմ եղել, թե ինչպես են նիկոլականները քաղաքացիներին ուղղորդում քվեարկել իրենց օգտին, տեղամասից քվեաթերթիկներ էին դուրս բերվում , մեր տեղամասը հոսանքազրկվեց ու մի քանի րոպե հայտնի չէր ինչ է կատարվում քվեատուփերի հետ»,- մտաբերում է այդ օրվա դեպքերը Բալումյանը։ Քաղաքական գործչի գնահատականով այդ օրը ընդդիմության ակտիվ գործիչների նկատմամբ հատուկ վերևներից հրահանգ կար ոստիկանությանը բռնություններ, սպառնալիքներ կիրառելու, առևանգելու, խուզարկելու։ Ընդդիմության ներկայացուցիչը հատուկ շեշտում է, որ մինչև հիմա ընտրական ցուցակներում առկա են մահացած կամ վաղուց ՀՀ տարածքում չբնակվող քաղաքացիների անուններ, որոնք հասկանալի է, որ տնօրինվում են իշխանությունների հայեցողությամբ և քվեարկվում նրանց օգտին ։
«Իմ ընտրատեղամասում հստակ նկատել եմ մարդկանց, որ արդեն ընտրաթերթիկը ձեռքներին մտել են տեղամաս, ավելին՝ նկատել եմ կրկնակի քվեարկողների, որոնք ըստ ամենայնի իրացրել են հենց հասցեատեր չունեցող քվեաթերթիկները, դրա համար մի շարք բնակավայրերում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է քվեարկողների 100 տոկոսանոց մասնակցություն, ինչը գործնականում անհնար է »։ Սասուն Բալումյանի նկատմամբ, ընտրությունների օրը նույնպես բռնություն է կիրառվել։ Երբ նա բարձրաձայնել է իր տեսած ընտրախախտումների մասին ու ցույց տվել իր արձանագրումները ընտրատեղամասի նախագահին , նրան անվանել են ,ընդդիմադիր շուն, պռովոկատոր» ու հանձնել են իրավապահների ձեռքը։ ՔՊ նախընտրական շտաբի պետ Ռոմանոս Պետրոսյանը սպառնացել է Սասուն Բալումյանին հաշվեհարդար տեսնի հետը, եթե վերջինը շարունակի խանգարել իրենց աշխատել։ Այլ կերպ ասած՝ խանգարի նրանց անօրինականություններով կրկին զավթել իշխանությունը։ Նրան ուժով բերման են ենթարկել ոստիկանության բաժին ու շարունակական սպառնալիքներից հետո, վարչական տուգանքի ենթարկել։
«Ես նույնիսկ արդարացիորեն իմ իրավունքները պաշտպանելու հնարավորություն չունեցա, քանի որ ակնհայտորեն իշխանությունները ընդդիմախոսների դեմ կիրառում էին ոստիկանական ու ԱԱԾ ուժեր՝ ճնշելու, վախացնելու ու լռեցնելու համար»,-նկատում է Սասուն Բալումնյանը։ ԱԺԲ անդամի հավաստմամբ ընտրություններից հետո էլ իշխանությունները շարունակում են իրենց հավատարիմ հեռուստաընկերություններով ու այլ քարոզչական միջոցներով ներկայացնել, թե իբր դեմոկրատական, արդար ու թափանցիկ ընտրություններ են տեղի ունեցել և իշխանությունը պահպանել է իր մանդատը՝ վերահաստատելով ժողովրդի վստահությունը։ «Դա ընդամենը քարոզչություն է, կեղծիք, որի հետևանքները դեռ մեր ժողովուրդը կտեսնի, Նիկոլ Փաշինյանը նոր մանդատով լեգիտիմացրեց իր ստորագրած ստորացուցիչ պայմանագիրը Արցախի վերաբերյալ ու շարունակելու է մեր երկիրը տանել դեպի նոր պարտություններ»,- եզրահանգում է Բալումյանը։ Հիշեցնենք, որ ներկայում Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները բողոքարկվում են Սահմանադրական դատարանում ։ Բողոքը ներկայացվել է ընդդիմադիր ուժերի, այդ թվում Ազգային ժողովրդական Բևեռի կողմից, իսկ նրանց շահերը ՍԴ-ում ներկայացնում է նախկին արդարադատության նախարար Դավիթ Հայրությունյանը։