ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի ավարտի երկրորդ փուլի մասին։

«Բոլոր 20 պատանդները վերադարձել են և իրենց լավ են զգում, ինչպես և կարելի էր սպասել։ Ծանր բեռը թեթևացվել է, բայց աշխատանքը դեռ չի ավարտվել։ Մահացածները չեն վերադարձվել, ինչպես խոստացվել էր։ Երկրորդ փուլը սկսվում է հիմա»,- Truth Social սոցիալական ցանցում գրել է ԱՄՆ նախագահը։

Հիշեցնենք, որ Իսրայելը որոշել է վաղը չբացել Գազայի հատվածի և Եգիպտոսի միջև գտնվող Ռաֆահ սահմանային անցակետը, ինչպես պահանջվում է հրադադարի համաձայնագրով, այդպիսով պատժամիջոցներ կիրառելով պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման նկատմամբ՝ Գազայի հատվածում դեռևս պահվող բոլոր մահացած պատանդների մարմինները վերադարձնելու իր պարտավորությունը չկատարելու համար։

Իսրայելը խմբավորման դեմ պատժամիջոցների շրջանակում միաժամանակ կրճատելու է Գազային տրամադրվող օգնությունը։ Այդ միջոցառումները ձեռնարկվել են, երբ Իսրայելի պաշտպանության նախարարության պաշտոնյաները հայտարարել են, որ ՀԱՄԱՍ-ն էական ջանքեր չի գործադրել մնացած պատանդների մարմինները վերադարձնելու համար։

Նախօրեին խմբավորումն ազատ է արձակել 20 ողջ պատանդների և հանձնել չորս մահացած պատանդների մարմինները, ընդ որում 24 պատանդների դիերը դեռևս Գազայում են։