
ԼՂ հակամարտության բանակցային գործընթացի վերաբերյալ Կառավարության կայքում հրապարակված փաստաթղթերի թվում է նաև արցախյան 44-օրյա պատերազմի նախաշեմին՝ 2019 թվականի հունիսին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից Երևանին և Բաքվին ներկայացված կարգավորման վերջին առաջարկը։ Այն առանցքային նշանակություն ունի, քանի որ թե՛ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, թե՛ այն ժամանակ արտգործնախարարի պաշտոնը զբաղեցրած Զոհրաբ Մնացականյանը, չնայած նույնիսկ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի բացահայտմանը, կտրականապես հերքում էին, որ նման առաջարկ են ստացել համանախագահ երկրներից։ Թե՛ առաջին, թե՛ երկրորդ, թե՛ երրորդ նախագահները տևական ժամանակ պահանջում էին Փաշինյանից հրապարակել այդ առաջակրը, որպեսզի բոլորի համար պարզ դառնա, թե ինչից է հրաժարվել Փաշինյանն ու այդ քայլով, իրենց համոզմամբ, պատերազմ հրահրել։
2019թ-ի առաջարկի համաձայն՝ առաջին փուլում Արցախի 5 շրջաններն անցնելու էին Ադրբեջանին, միջազգային խաղաղապահ ուժեր էին տեղակայվելու՝ որպես անվտանգության երաշիք, իսկ մյուս երկու շրջանները՝ Քարվաճառն ու Լաչինը, ավելի ուշ՝ վերջնական կարգավորման արդյունքում էին անցնելու Ադրբեջանին։ Դրա դիմաց Արցախը Հայաստանի հետ կապող միջանցք էր լինելու, իսկ ԼՂ բնակչությունն առանց որևէ սահմանափակման կարողանալու էր փոխհամաձայնեցված ժամկետում կայանալիք հանրաքվեի միջոցով որոշել Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը, այսինքն՝ կարող էր քվեարկության դրվել ընդհուպ Արցախի անկախության կամ Հայաստանի հետ միավորման տարբերակը։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունվելիք բանաձևում էլ ամրագրվելու էր, որ հանրաքվեի ցանկացած արդյունք ճանաչվելու էր միջազգային հանրության կողմից։
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման վերջնական և միմյանց հետ փոխկապակցված նպատակներն են յոթ շրջանների՝ Աղդամի, Ֆիզուլիի, Ջաբրայիլի, Զանգելանի, Կուբաթլուի, Քելբաջարի և Լաչինի վերադարձն Ադրբեջանին՝ պայմանով, որ կպահպանվի Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը միմյանց կապող միջանցքը, Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի վերջնական որոշումը՝ ԵԱՀԿ-ի կամ ՄԱԿ-ի հովանու ներքո համաժողովրդական քվեարկության անցկացման միջոցով՝ կողմերի փոխհամաձայնեցրած ժամկետում, որը ի ցույց կդնի Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամարտահայտությունը, իրավաբանական պարտադիր ուժ կունենա՝ միջազգային իրավունքի սկզբունքներին և նորմերին համապատասխան։ Ընդ որում, քվեարկության դրվելիք հարցի կամ հարցերի ձևակերպումը ոչնչով սահմանափակված չի լինի, և կողմերը կհարգեն ցանկացած արդյունք»,- նշված է գաղտնազերծված փաստաթղթում։