
Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, ԲԴԽ անդամ Էդգար Հովհաննիսյանի որոշմամբ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը կվերականգնվի Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում՝ մինչև վերջնական դատական ակտի հրապարակումը:
Հայցով նա դատարանից պահանջում էր անվավեր ճանաչել իրեն Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու մասին Գարեգին Բ կաթողիկոսի՝ հունվարի 10, 2026 թ. թիվ 02 հայրապետական տնօրինությունը՝ վերականգնելով Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում: Դիմումն Արմավիրի դատարան մուտք է արվել հունվարի 15-ին և մակագրվել է դատավոր Էդգար Հովհաննիսյանին։
Ի դեպ հայցը եկեղեցու դեմ ներկայացրել է Գեւորգ Սրբազանն իր քաղաքացիական անունով՝ Արման Վոլոդյայի Սարոյանը։
«Եպիսկոպոսին Փաշինյանը պարտադրում է դիմել դատարան իր ավազանի անունով։ Աննախադեպ արժեզրկում եւ բարոյազրկում»,– ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Նշենք, որ դատարանն իրավունք չուներ որեւէ կերպ անդրադառնալու Վեհափառ Հայրապետի որոշմանը։ Այս առնչությամբ փաստաբան Րաֆֆի Ասլանյանը գրել է. «Դատարանը, որպես հայցի ապահովման միջոց, հայցվոր Արման Սարոյանին վերականգնել է ՀԱԵ Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում։ Այո, սխալ չեք կարդում. ՔԱՂԱՔԱՑՈՒՆ՝ ՊԱՇՏՈՆՈՒՄ։ Օրվա իշխանության նպատակը հենց դա է՝ Հայոց եկեղեցին վերածել իշխանության շահերը սպասարկող մի քաղաքացիական կցակառույցի, իսկ անունն էլ դնել եկեղեցու «բարենորոգում»։
Միայն Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությունը ապօրինի դատական վեճի առարկա դարձնելը բավարար է ՀՀ աթեիստ իշխանության՝ Հայոց եկեղեցու դեմ ուղղված գործողությունների բնույթը պատկերացնելու համար, դրանում հոգևոր ոչինչ չկա։ Հաջորդը հավանաբար կարգալույց հռչակված քահանաներին սեփական հայցերի հիման վրա դատական կարգով կրկին «ձեռնադրելն» է»։