Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանն այսօր այցելել է թիվ 52 հիմնական դպրոց, որտեղ երեկ, ըստ տարածված տեղեկության, աշակերտի ծնողը (մայրը) դասարանում, երեխաների ներկայությամբ ագրեսիվ վարք է դրսեւորել ուսուցչի նկատմամբ, ապտակել է նրան:
Տիգրան Վիրաբյանը երկար զրույց է ունեցել նախ երեխայի հոր հետ: Հայրը ըստ էության չի հաստատում, որ երեխայի նկատմամբ դպրոցում դեկտեմբերին տեղի է ունեցել բռնություն, ինչը կարող էր երեկվա միջադեպի պատճառ լինել: Հոր պատմելով՝ երեխան վստահ չէ, որ նման բան է եղել, տարբեր օրերի կատարվածի տարբեր վարկածներ է ներկայացնում: Երեխայի նկատմամբ բռնության ահազանգով համապատասխան մարմիններն ու մասնագետները ևս հետաքննություն են իրականացրել և բռնության փաստը չի հաստատվել:
Երևանի փոխքաղաքապետը զրուցել է նաև դպրոցի տնօրինության և նախօրեին ագրեսիայի ենթարկված ուսուցչի հետ: Ցանկացած պարագայում համարում ենք, որ մանկավարժի նկատմամբ նման վարքը անթույլատրելի է: Այն խաթարում է դասապրոցեսը, սթրեսի է ենթարկում սովորողներին, հասարակությունում նսեմացնում է ուսուցչի կերպարը և առհասարակ, անձի արժանապատվությունը Սահմանադրությամբ ամրագրված բարձրագույն արժեքներից է:
Անկախ տհաճ միջադեպի հանգամանքներից, պետք է ապահովել նաև երեխայի կայուն հոգեբանական վիճակը և բնականոն ուսման պրոցեսը: Ծնողին առաջարկվել է՝ երեխային տեղափոխել այլ դասարան: Մնացած հարցրի պատասխանները, կարծում ենք, կտան իրավապահները:
https://www.facebook.com/Yerevanofficial/posts/2692530300796083?__xts__%5B0%5D=68.ARCrGk67JzdNQBYkOOELvCl0jl5jsvpRGoD6xSRNk_jQuc2d1koll-q24ZEGvnyeicGG61DMha_zHjiAnSssvuiZx48EvnPVycs7nZrmvUX9mv8ZObtAHTIw1M3ewhABX8GqSk2Mm4FSF1UpWHydUDHwtkSKvOnvD8PRuXHnzLp6k1JZKhJKxpYEl9yof2oY19qoTSCVWR32ene_nNogQBRCJ1IHpoD9ewtr_RYQ8wlgTdLTHaP0b2h61TAsXq-6ZaApTNi02W-xXbMW2nHyzt8vLoXcL-MYVbXbmlQIYYWgGWo0RM9on6eALlywi250ZGkKyMGErDCHd0yDIDMrn74rE9KwFm0itf4bOcLlfP_AMlx6kVB-xu7Qrw&__tn__=-R