Միայն «մենք» չենք կարող կոտրել այս տեմպը, դա կարող ենք անել «մենք բոլորս»:
Կից նկարներում մեր և տարբեր երկրների կորերն են, որոնք ցույց են տալիս կորոնավիրուսով վարակի դեպքերի կրկնապատկման արագությունը: Երկրները այս ընթացքում տարբեր արագություններ են ունեցել 2-ից մինչև 10 օր: Մենք այս պահին գտնվում ենք 7-օրյա տեմպի տակ: Այսինքն մեր դեպքերը կրկնապատկվում են յուրաքանչյուր 7 օրը մեկ անգամ: Այդպիսի տեմպ որպես օրինակ ունի նաև Ճապոնիան:
Հիմա, եթե ենթադրենք, որ այս տեմպը պահպանվում է, ապա մենք ապրիլի 7-ին կունենանք մոտ 1000 դեպք, ապրիլի 14-ին 2000 և այդպես շարունակ: Եվ մեր բոլորիս խնդիրն է այնպես անել, որ այդ տեմպը գնալով դանդաղի, որպեսզի մենք ունենանք սկզբի համար ուղիղ այնքան նոր դեպք, որքան կունենանք առողջացած պացիենտ, իսկ հետո ավելի քիչ նոր դեպք, քան առողջացած պացիենտ:
Եթե տեմպը պահպանվի ու օրինակ չդառնա Հարավային Կորեայի նման հարթ, ապա մենք ստիպված ենք լինելու թեթև ընթացքով կամ առանց սիմպտոմներով պացիենտներին «բուժել» տանը, ինչպես անում են շատ երկրներ` պարզապես այլ ելք չունենալով: Չեմ կարծում, թե դա մեր կողմից ցանկալի սցենար է, քանի որ առողջապահական համակարգը, ներառյալ դրա` հատուկ կորոնավիրուսի համար ծավալվող հատվածը կկարողանա այդ բեռը տանել: Ի դեպ որևէ երկրի առողջապահական համակարգ չի կարող այդ բեռը կրել:
Եվ հենց վերոգրյալի համատեքստում է կարևոր մնալ տանը և խստորեն պահպանել ինքամեկուսացման ցուցումները` այդ թվում վարչական պատասխանատվության ռիսկից դրդված:
Հենց այս ամենի համար է կարևոր, որպեսզի մենք այս կամ այն եղանակով արձանագրենք այդ խախտումները և վերադարձնենք մարդկանց իրենց ինքնամեկուսացման վայր: Դա ինքնանպատակ չէ, այլ ուղիղ ազդող գործիք վարակիչ հիվանդության տարածման տեմպի վրա:
Այն ինչ արվում է այսօր Հայաստանի առողջապահական համակարգի կողմից, տասնապատիկ ավելին է քան կարելի է սպասել տարիներ ի վեր առողջապահության վրա ՀՆԱ-ի 1.5% պետական ծախսերով երկրի առողջապահական համակարգից և միայն արդյունք է բուժաշխատողների, ինչպես նաև մեր այլ գերատեսչությունների աշխատակիցների անձնվիրական ծառայության:
Սակայն միայն «մենք» չենք կարող կոտրել այս տեմպը, դա պետք է անենք «մենք բոլորս»:
https://www.facebook.com/ATorosyanOfficial/posts/1185874408265489?__xts__%5B0%5D=68.ARD7YGuDMqxFVTRiu7yDNliDVlkt7YhPXnmG9fbraXtGMxnxbckzCcQNBhJ-75aOzaeoqdVTPST4G34JVGfDO_0xtjdilj6ccfr7K2-x1SnX-gTn5uzkqVp1Q1L4LlwRMVZ-BSKR0iGqDOHkRO3m5moOnDlnTdOvjWWkF8qnj3sf5PWk2y096kzLUJ62RLUIMaWHxnXt1F6ED88P1d7RsMojmgmowhtZ45SUgblPY_KXLz87xL6Qq5L_Reyra-3KUCODBzbkEpZET23a8xiBh8AAbfw5Yq_KHy4vpREo7cM4CCqM99_K8r7PekmpEOIdn921lxwJR7Z0HKpI3nWWidkqUA&__tn__=-R