Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո Պետական եկամուտների կոմիտեն և մասնավորապես մաքսային ծառայությունը առաջին պետական կառույցներից էր, ուր այցելեց վարչապետ նիկոլ Փաշինյանը և ազդարարեց, որ այս ավանդաբար խիստ կոռումպացված ոլորտը մաքրելու ժամանակն է։ Նրա խոսքով, այն պաշտոնյաները, որոնք պատրաստ չեն բարեխիղճ ու խստագույնս օրենքի պահանջով աշխատել , կարող են միանգամից դիմումներ գրել և հեռանալ համակարգից։
Հենց 2018թվ-ին մեկը-մյուսի հետևից կաշառք վերցնելու կամ առաջարկելու փաստով դեպքեր բացահայտվեցին։ Այսպես, ՀՀ հատուկ քննչական ծառայության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության, Պետական եկամուտների կոմիտեի և ՀՀ ոստիկանության համատեղ իրականացված մեծածավալ քննչականհետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ մի շարք ՀՀ քաղաքացիներ Վրաստանից ՀՀ տարածք առանց մաքսային հսկողության և սահմանված վճարումների, տարբեր տեսակի ապրանքներ, այդ թվում՝ ավտոպահեստամասեր, կենցաղային իրեր և միրգ-բանջարեղեն ներկրելու նպատակով Բագրատաշենի մաքսային կետում ծառայություն իրականացնող ՊԵԿ մաքսային տեսուչներին պարբերաբար կաշառք են տվել։
Սա ոչ թե մեկ-երկու դեպք էր, այլ շարունակական գործելաոճ, որը դրսևորվել է ամեն օր և գրեթե բոլոր ներմուծողների նկատմամբ։
Եվ սա այն պարագայում , երբ ՊԵԿ ղեկավար Դավիթ Անանյանը Փաշինյանի ամենագովելի ու վստահելի կադրերից էր։ Նրա պաշտոնավարման երկու տարիների ընթացքում մեծ հաշվով ոչինչ չփոխվեց։
Անանյանին փոխարինեց մեկ այլ վստահված կուսակցական համախոհ՝ Ռուստամ Բադասյանը, որի օրօք մաքսային «բեսպրեդելը» շարունակվեց։
Հայտնի ծխախոտի ապօրինի արտահանման դեպքը, որը ևս ուղեկցվում էր խոշոր չափի կաշառքի փաստով և կազմակերպված ղեկավարվում էր մաքսային մարմնի բարձրաստիճան պաշտոնյաների իմացությումբ, հենց Բադասյանի պաշտոնավարման շրջանում էր։
Հիշեցնենք, որ վերջրերս մենք անդրադարձել էինք ռուսաստանաբնակ հայազգի գործարար Արմեն Սերոբյանի խնդրին, որը գործընկերոջ՝ Գևորգ Իսկանդարյանի հետ Գյումրիի Անի համայնքի դպրոցի վերանորոգման համար դռներ ներմուծելիս Հայաստան լուրջ խնդիրներ էր ունեցել։ Նրանց ստիպել էին կաշառք տալ միանգամայն օրինական ձևակերպված բեռի համար՝ զուտ որպեսզի արհեստական խնդիրներ չառաջացնեն ու բաց թողեն ապրանքը։ Մեր վերջին զրույցի ժամանակ Սերոբյանը սպասում էր Ռուստամ Բադասյանի հետ հանդիպմանը, որը խոստացել էր անձամբ միջամտել և խնդրին լուծում տալ։ Մենք դժվարությամբ կարողացանք կապ հաստատել Արմեն Սերոբյանի հետ, քանի որ ինչպես պարզվեց, նա նախատեսվածից շուտ հեռացել էր Հայաստանից ու մեկնել Վրաաստան։
Այն ինչ պատմեց Սերոբյանը, ուղղակի անհավանական է թվում։ Նրա բանակցությունները ՊԵԿ ղեկավարության հետ նույն վախճանն էին ունեցել, ինչ Գևորգ Մեհրաբյանի դեպքում, որին բռնությամբ և սպառնալիքով ստիպել էին լքել Հայաստանը;
Սերոբյանը սկզբում հրաժարվեց պատմել ՊԵԿ ղեկավարության հետ շփման մանրամասները, սակայն երկու օր անց, հերթական զանգի ժամանակ այնուամենայնիվ համաձայնեց մեզ պատմել կատարվածի մասին։ Պատմությունն իսկապես շոկային էր։
Պարզվում է, Բադասյանի հետ հանդիպումից հետո Արմենին հավաստիացրել են, որ մի քանի ժամում ամեն ինչ կփաստափթղթավորեն, կձևակերպեն և նա անարգել իր բեռը կմտցնի ՀՀ։ Բադասյանը խոստացել էր անձամբ մեքենա ուղարկել նրա հետևից բեռը վերցնելու, ապա հասցեատիրոջը հասցնելու համար։ Սակայն երբ Սերոբյանը նրանց տրամադրած մեքենայով և վարորդով գնացել էր Բագրատաշենի մաքսային անցակետ, նրան դիմավորել էին ոչ սպասվածի պես։ Նա նկատել էր շների հետ կանգնած մաքսային ծառայողներին, որոնք մոտեցել էին մեքենային, իրեն իջեցրել և մեկի հրահանգով հարձակվել վրան։ Արմեն Սերոբյանը սարսափով հիշում էր թե ինչպես էին իրեն գցել գետնին ու մետաղյա ձողով անդադար ծեծում։
«Ինձ հետո քարշ տվեցին ինչ որ շան բնի պես մի տեղ ու փակեցին» ,- վերհիշում էր Արմենը։ Նա անմարդկային պայմաններում անցկացրել է այդտեղ մոտ 4 օր, որից հետո նրան դուրս են թողել ու ասել, որ պատրաստվի հետ է գնում Ռուսաստան։ «Ես հետապնդվում էի Ռուսաստանում հենց այս դեպքի հետ կապված , դրա համար ստիպված, մեկնեցի Վրաստան», — պատմում է Արմենը։ Ի վերջո, գործարարին հաջողվել է համոզել իրեն անհայտ տարածքում պահողներին, որպեսզի մեկնի Վրաստան՝ պայմանով, որ պիտի մոռանա բեռի մասին, ՊԵԿ-ում հանդիպման, մաքսակետում կատարված դեպքերի մասին ու այլևս չփորձի վերադառնալ Հայաստան։ Վերջին դեպքը պարզորոշ բնութագրում է հայաստանյան «կոռուպցիայից մաքրված» մաքսային ոլորտի ամբողջ պերճանքն ու թշվառությունը։ Սա ևս մեկ անգամ հաստատում է իրողությունը, որ Հայաստան առանց խոչընդոտների ներմուծում կամ արտահանում իրականացնելը հնարավոր է միմիայն եթե ունես վերևների «դաբրոն»։