Ռուսները նախընտրում են Շիրակի մարզը․ Եհովայի վկաների ակտիվությունն անհանգստացնում է բնակիչներին

Ռուսները նախընտրում են Շիրակի մարզը․ Եհովայի վկաների ակտիվությունն անհանգստացնում է բնակիչներին

Վերջին ամիսներին նկատվում է Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան ժամանող քաղաքացիների հոսքի աճ, որոնց զգալի մասը նախընտրում է բնակություն հաստատել ոչ թե Երևանում, այլ Շիրակի մարզում։ Պատճառներից մեկն այն է, որ 2017 թվականին Ռուսաստանում արգելվել է Եհովայի վկաների գործունեությունը, իսկ Հայաստանում նրանք կարողանում են իրենց գործունեությունն իրականացնել անարգել։

Շիրակի մարզի բնակիչները բազմիցս բողոքներ են հնչեցրել՝ կապված Եհովայի վկաների ակտիվության հետ, հատկապես դպրոցների մերձակայքում։ Բնակիչների խոսքով՝ Եհովայի վկաներն օգտագործում են մարդկանց ծանր հոգեբանական վիճակը՝ ներգրավելով նրանց իրենց համայնքում, երբեմն նույնիսկ խաբեությամբ սեփականացնելով տարեց բնակիչների բնակարանները։

Շիրակի մարզն այսօր համարվում է Հայաստանում Եհովայի վկաների կենտրոնը, որտեղ նրանք խոշոր դահլիճներ են կառուցել և ամեն շաբաթ իրականացվում են հավաքներ։ Բնակիչների մտահոգությունն է, որ որևէ պետական վերահսկողություն չի իրականացվում այս գործընթացների վրա։

Հայ Առաքելական եկեղեցին բազմիցս արտահայտել է իր մտահոգությունը՝ նշելով, որ Եհովայի վկաների քարոզչությունը հակասում է հայկական ավանդական արժեքներին և կարող է խաթարել հասարակության հոգևոր և բարոյական համերաշխությունը։

Այս իրավիճակը կարող է բացասաբար անդրադառնալ հայ-ռուսական հարաբերությունների վրա, քանի որ տեղի բնակիչների կողմից արդեն իսկ գրանցվել են մի քանի միջադեպեր։ Հատկանշական է, որ վերջերս ռուսաստանցի Եհովայի վկա մի քաղաքացի դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ վիրավորանքների և սպառնալիքների է ենթարկվել տեղաբնակների կողմից։
Հասարակական և իրավապահ կառույցները դեռևս պաշտոնական արձագանք չեն տվել ստեղծված իրավիճակին։