2024 թվականի մայիսի 27-ին Երևանի կենտրոնում անցկացվող խաղաղ բողոքի ակցիան ավարտվեց զանգվածային բռնությամբ։ Քաղաքացիները, ովքեր բողոքում էին իշխանությունների քաղաքականության դեմ, ենթարկվեցին կարմիր բերետավորների հարձակումին։ Առանց որևէ նախազգուշացման, իրավապահները սկսեցին հրմշտել, հայհոյել և ծեծել ցույցի մասնակիցներին՝ գոռալով «ռադներդ քաշեք այստեղից»։
Ցուցարարներից շատերը փորձեցին փախուստի դիմել՝ խուսափելու ֆիզիկական հաշվեհարդարից։ Դրանցից մի քանիսը ապաստան գտան ՀՅԴ կուսակցության գրասենյակում։ Այդ պահին գրասենյակում հայտնվել է նաև Ազգային ժողովի պատգամավոր Աշոտ Սիմոնյանը, ով փորձել է կանխել ոստիկանների մուտքը՝ պաշտպանելով ներսում գտնվող քաղաքացիներին և պահպանելով տարածքի անձեռնմխելիությունը։
Սակայն ոստիկանները պատասխանել են ֆիզիկական բռնությամբ։ Մի քանի տեսագրություններում հստակ երևում է՝ ինչպես են ուժայինները հայհոյանքներով ծեծի ենթարկում պատգամավորին հենց շենքի շեմին։ Այդ տեսագրություններից առնվազն չորսը տրամադրվել են լրագրողներին և իրավապաշտպան կազմակերպություններին։
Չնայած տեսանյութերին ու տասնյակ վկայություններին, ոստիկանությունը հերքել է միջադեպի իսկությունը, հայտարարելով, թե այդ կադրերը «մոնտաժ են» և «սադրանք՝ պետական մարմինները վարկաբեկելու նպատակով»։
Այս պնդումը բացասական արձագանք է ստացել քաղաքացիական հասարակությունում։ Իրավապաշտպաններն ու լրագրողներն այն որակել են որպես բացահայտ ապակողմնորոշում և պատասխանատվությունից խուսափելու փորձ, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, հերթական անգամ, հանդես է եկել միայն ձևական արձագանքով՝ առանց իրավական քայլերի։
Պատգամավոր Աշոտ Սիմոնյանը դեռևս չի մեկնաբանել միջադեպը, սակայն նրա թիմակիցները տեղեկացրել են, որ շուտով սպասվում է պաշտոնական հայտարարություն՝ նոր մանրամասներով և իրավական հետևանքներով։