Հաջորդ փոփոխությունը վերաբերում է արտադպրոցական ուսումնական հաստատությունների և արտադպրոցական կրթության ոլորտի կարգավորումներին: Կսահմանվեն մանկավարժական և վարչատնտեսական աշխատողների պաշտոնների նկարագրերը: Այժմ մեր երկրում գործում են 238 երաժշտական, արվեստի, գեղարվեստի և մանկապատանեկան ստեղծագործության կենտրոններ, որտեղ աշխատում է ավելի քան 5000 մանկավարժ: Գործող 174 մարզադպրոցում էլ աշխատում է ավելի քան 2000 մարզիչ- մանկավարժ: Նշված կարգավորումը կվերաբերի այս մասնագետների պաշտոնների նկարագրերի սահմանմանը:
Օրենսդրական փոփոխությամբ անդրադարձ կա արտադպրոցական ուսումնական հաստատությունների ֆինանսավորմանը: Ֆինանսավորման կարգը կհաստատվի պետական բյուջեի միջոցներից:
Երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցների ուսումնական պլանները, ծրագրերը, ուսումնական նյութերը և դասընթացները երաշխավորված կլինեն ԿԳՄՍ նախարարի հրամանով: Կկարգավորվեն արտադպրոցական ուսումնական հաստատությունների ընդունելության և ավարտական քննությունների անցկացման ընթացակարգերը:
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նարեկ Բաբայանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: