«Հաշվի առնելով, որ խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցված է, և պետք է արդեն բանակցություններ լինեն ստորագրման վայրի, տեղի գործընթացների մասին, որոնց հետևելու է նաև վավերացման գործընթաց խորհրդարաններում, ես պատեհ համարեցի, որ այս հարցերի շուրջ, և ոչ միայն այս հարցերի շուրջ, խոսել Ադրբեջանի պատգամավորների հետ, որովհետև, ի վերջո, մենք պետք է սկսենք խոսել միմյանց հետ, և ես առաջարկ ուղարկեցի: Մինչև այս պահն արձագանք չկա, և ես հույս ունեմ, որ դրական արձագանք կլինի: Այնուամենայնիվ, դեռ որևէ ազդակ չկա»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Սարգիս Խանդանյանը Ադրբեջանի Միլի մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սամադ Սեյիդովին առաջարկել էր խորհրդարանական հանձնաժողովների հանդիպում անցկացնել՝ խաղաղության համաձայնագրի նախագծի վերաբերյալ կարծիքների փոխանակման և դրա վավերացման գործընթացի շուրջ քննարկումների նպատակով: