Փարիզի իշխանությունները կթույլատրեն լողալ Օլիմպիական խաղերից առաջ մաքրված Սեն գետում


Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն հայտարարել է, որ Սեն գետը, որը մաքրվել էր 2024 թվականի ամառային օլիմպիական խաղերից առաջ, հուլիսից կբացվի լողի համար, հաղորդում է Ֆրնասպրես գործակալությունը։

Հուլիսի 5-ից Փարիզի իշխանությունները հանրությանը թույլ կտան լողալ Սենի երեք հատվածներում, որոնք այժմ համարվում են լողի համար անվտանգ, շեշտել է Իդալգոն։

«Խաղերի ժամանակ լողալն ինքնանպատակ չէր։ Սենը լողի համար պիտանի դարձնելը, առաջին հերթին, կլիմայի փոփոխությանը հարմարվելու մարտահրավերին արձագանք է, բայց նաև կյանքի որակի բարելավում»,-նշել է նա։

Փարիզցիներն ու քաղաքի այցելուները կկարողանան լողալ Բրաս-Մարի ծովային բազայում՝ քաղաքի պատմական կենտրոնում, ինչպես նաև Ֆրանսիայի մայրաքաղաքի արևմուտքում և արևելքում՝ Գրենել և Բերսի շրջաններում։

Փարիզի իշխանությունները նշել են, որ ամեն օր կստուգեն ջրի որակը և կազդարարեն լողալու անվտանգությունը, իսկ անձրևի դեպքում գետում լողալը կարգելվի։

2024 թվականի ամառային օլիմպիական խաղերի մի մասը Փարիզի կենտրոնով հոսող Սեն գետի վրա անցկացնելու Ֆրանսիայի որոշումից հետո, գետի ջրի որակը ամիսներ շարունակ եղել է ուշադրության կենտրոնում։

Մի պահ կազմակերպիչները ստիպված եղան չեղարկել գետում մարզումները և հետաձգել տղամարդկանց տրիատլոնի մրցումները, քանի որ Սենը չափազանց ցեխոտ էր մարզիկների համար՝ Օլիմպիական խաղերի բացումից մեկ շաբաթ առաջ տեղացած ուժեղ անձրևների պատճառով։