Բաքվի դատարանն արտասահմանում բնակվող ադրբեջանցի բլոգերներին ձերբակալելու հեռակա կարգով վճիռ է արձակել


Արտերկրում բնակվող երկու բլոգերներ, ինչպես նաև Ադրբեջանի միջազգային համալսարանի նախկին ռեկտոր Էլշադ Աբդուլլաևի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել  կալանքը։

Ինչպես հաղորդում է Qafqazinfo-ն, Բինագադիի շրջանային դատարան ներկայացված միջնորդությունները՝ Ադրբեջանի գլխավոր դատախազության քննչական վարչության կողմից վարվող քրեական գործի շրջանակում, բավարարվել են։

Դատարանի որոշմամբ ձերբակալման վճիռ է արձակվել ադրբեջանցի բլոգերներ Օրդուխան Բաբիրովի, Թուրալ Սադիգլիի և Էլշադ Աբդուլլաևի նկատամամբ։

«Բլոգերներին մեղադրանք է առաջադրվել տարբեր քրեական հանցագործությունների համար, դրանց թվում՝ պետության դեմ բռնություն հրահրելու, խարդախության և այլ անօրինական գործողությունների համար։ Էլշադ Աբդուլլաևին մեղադրանք է առաջադրվել խոշոր չափի հարկերից խուսափելու, կաշառակերության և այլ ծանր հանցագործությունների համար», -հաղորդել են ադրբեջանական լրատվամիջոցները։