Մարտահրավերները տարափի պես թափվում են բոլոր կողմերից։ Հրադադարը դեռևս անհասանելի է, և Ուկրաինան պատրաստվում է երկարատև պատերազմի։ Ռազմաճակատից եկող լուրերը հուսադրող չեն. ռուսական զորքերը պատերազմից առաջ 250 հազար բնակչություն ունեցող Սումին գրեթե գորշ գոտու են վերածել։ Դոնբասում, որտեղ Ռուսաստանը դանդաղորեն առաջ է շարժվում, արյունալի կոտորածը շարունակվում է։ Ուկրաինայի խոշոր քաղաքներն աննախադեպ հրետակոծության են ենթարկվում, Ռուսաստանը երբեմն մեկ գիշերվա ընթացքում ավելի քան 500 անօդաչու թռչող սարք և հրթիռ է արձակում, գրում է The Economist-ը։
Հունիսի 30-ի լույս հուլիսի 1-ի գիշերը ամերիկյան ռազմական օգնությունը, որն առանց դրա էլ նվազում էր Դոնալդ Թրամփի նախագահ դառնալուց ի վեր, ամբողջությամբ դադարեցվել է. բոլոր զենքի մատակարարումները սառեցվել են, իսկ որոշ ինքնաթիռներ հենց թռիչքի պահին վերադարձվել են։ Ոչ ոք չգիտի՝ այդ դադարը ժամանակավո՞ր կլինի (ինչպես եղավ մարտին), թե՞ ընդմիշտ։ Որոշ տեղեկություններով՝ Թրամփն ինքը տեղյակ չի եղել օգնության կասեցման մասին։ Մյուսների կարծիքով՝ դա Ուկրաինայի վրա ճնշում գործադրելու ռազմավարության մի մասն է՝ նրան ստիպելու՝ զիջումների գնալ Ռուսաստանի հետ և խաղաղության համաձայնագիր կնքել, անկախ նրանից, թե որքան անբարենպաստ կարող է լինել դա Կիևի համար։
Բայց պատերազմական դրաման պատմության միայն մեկ կողմն է։ Ոչ պակաս մտահոգիչ է ներքաղաքական պառակտումների, զտումների և կուլիսներում տեղի ունեցող պայքարի ֆոնը, որոնք կարող են շատ ավելի լրջորեն փլուզել երկիրը ներսից, քան դրսից՝ ռուսական հարձակումները։
Դրա համար ազդակ ծառայեցին հունիսին տեղի ունեցած երեք իրադարձություններ։ Հունիսի 23-ին փոխվարչապետ Ալեքսեյ Չեռնիշովին մեղադրանք առաջադրվեց կոռուպցիայի մեջ՝ որը դարձավ երբևէ նման մեղադրանքների ենթարկված ամենաբարձրաստիճան ուկրաինացի քաղաքական գործիչը։ Նա գործուղման նպատակով Եվրոպայում էր և սկզբում հետաձգեց վերադարձը՝ անհեթեթ պատկեր ստեղծելով. ուկրաինացիների հայրենադարձության հարցերով նախարարը ծանրութեթև է անում սեփական «ինքնատարհանման» հարցը։
Գրեթե միաժամանակ նախարարների կաբինետը նախազգուշացում ստացավ անխուսափելի վերադասավորումների և նոր վարչապետի՝ 39-ամյա Յուլիա Սվիրիդենկոյի հավանական նշանակման մասին։ Հերթական անգամ, ըստ աղբյուրների՝ իններորդն անընդմեջ, փորձ արվեց հեռացնել հետախուզության անկախ և ազդեցիկ ղեկավար Կիրիլ Բուդանովին։ Այս անգամ նա կրկին ձախողվեց։ Շատերը կարծում են, թե այս բոլոր իրադարձությունների հետևում կանգնած է նախագահի աշխատակազմի ղեկավար, ըստ էության, Վլադիմիր Զելենսկու օրոք ոչ պաշտոնական «գլխավոր նախարար» Անդրեյ Երմակի «ստվերային» ձեռքը։
Երմակը վաղուց է դարձել իր ազդեցության մասին լուրերի և ենթադրությունների առարկա։ Բարձրահասակ (1,85 մ) կազմվածքը, պատերազմի տարիներին նրան ավելի ազդեցիկ է դարձել, ասես նա «աճում» է թուլացած մրցակիցների հաշվին։ Մինչև 2019 թվականին Զելենսկու հետ որպես կրտսեր օգնական հայտնվելը, Երմակը հայտնի էր որպես հեռուստատեսային և կինոպրոդյուսեր, փաստաբան, նորաձևության արդյունաբերության գործիչ և փոքր առևտրականների համար «հարց լուծող»։ Նրա քաղաքական վերելքը սրընթաց և անսպասելի էր, թեև Ուկրաինայի շատ գործընկերներ դժգոհ են դրանից։
Politico-ի վերջին հոդվածներում Երմակի դիվանագիտական «դասախոսական» ոճի առնչությամբ նկարագրվել է Միացյալ Նահանգներում միջկուսակցական հիասթափությունը։ Ոմանք դա համարում են պարզապես Ուկրաինային առնչվող Արևմուտքի ընդհանուր հոգնածության պատասխանատվությունն իրենցից շեղելու միջոց, սակայն ավելի ու ավելի շատ նշաններ կան, որ Վաշինգտոնում դռները փակվում են Երմակի առաջ։ Սակայն, հունիսյան իրադարձությունները ցույց են տալիս, որ Ուկրաինայի ներսում նա ավելի ուժեղ է, քան երբևէ։
Չկա որևէ ապացույց, որ Երմակը Չեռնիշովի նկատմամբ հետաքննություն սկսելու ուղղակի հրաման է տվել։ Ըստ երեք աղբյուրների՝ քննիչները մեկ տարուց ավելի է, ինչ հետաքննում են, որ փոխվարչապետի գործընկերները բնակարաններ են գնել իջեցված գներով նրա հաստատած նախագծում։ Սակայն նրանք պնդում են, որ հենց Երմակն է թույլ տվել գործի առաջխաղացումը՝ արգելափակելով մյուս գործերի վարույթը։
Չեռնիշովի իրական «մեղքը», ասում են նրանք, այն է, որ նա խանգարել է Երմակին. նախ՝ նա փորձել է ամերիկացիների հետ սեփական հաղորդակցման խողովակը կառուցել։ Երկրորդ, նրա անկումը ճանապարհ է հարթել Սվիրիդենկոյի՝ Երմակին սերտորեն առնչվող քաղաքական գործչի վերելքի համար։
Գործող վարչապետ Դենիս Շմիգալին՝ հանգիստ, հնազանդ ադմինիստրատորին Երմակի հովանավորյալով փոխարինելու գաղափարը նոր չէ։ Մեկ տարի առաջ Զելենսկին վետո դրեց դրա վրա։ Բայց այդ ժամանակից ի վեր Երմակն ավելի ուժեղ է դարձել, իսկ նրա մրցակիցներն՝ ավելի թույլ։ Ակնկալվում է, որ խորհրդարանն առաջիկա շաբաթներին այս հարցի շուրջ քվեարկություն կանցկացնի։ Նոր վարչապետի հետ մեկտեղ կարող են փոխվել կրթության, առողջապահության, մշակույթի, սոցիալական քաղաքականության և, հնարավոր է, ֆինանսների նախարարները։ Ոմն բարձրաստիճան պաշտոնյա պնդում է. «Անդրեյը ավարտին է հասցնում այն, ինչ համարում է իր անավարտ գործը։ Այդ մարդկանց մեծ մասը հենց նրա մարդիկ են»։
Հունիսին ուկրաինական հետախուզության գլխին ավելի լուրջ սպառնալիք կախվեց. Երմակի և գեներալ Բուդանովի միջև երեք տարվա տևական թշնամանքը քիչ մնաց ավարտվի վերջինիս հեռացմամբ։
Երմակի շրջապատի աղբյուրները Բուդանովին սեփական քաղաքական մեքենան կառուցող «անկանխատեսելի հեղափոխական» են անվանում: «Նախագահի գրասենյակի անդամների 90%-ը կարծում է, թե նա խելագար է, և միայն 10%-ն է կարծում, որ նա հանճար է»,- ասում է ներքին աղբյուրներից մեկը։ Բուդանովի դաշնակիցները նրան համարում են այն քչերից մեկը, որն ի վիճակի է Զելենսկիին հայտնել տհաճ ճշմարտությունը։ Հունիսի կեսին նույնիսկ հետախուզության սպայի ամենամոտ շրջապատը վախենում էր, որ Երմակի «իններորդ փորձը» հաջողությամբ կավարտվի։ Ընդսմին, Բուդանովը դարձյալ անսասան մնաց՝ իր սովորական դարձած կոշտության և խորամանկության համադրության շնորհիվ։ Ըստ The Economist-ի՝ Սպիտակ տան կողմից հետախուզության ղեկավարին չդիպչելու բազմիցս տրված նախազգուշացումները՝ գոնե առայժմ, նույնպես օգնեցին։
Բուդանովի գոյատևումը ցույց է տալիս, որ վերջնական որոշումները դեռևս նախագահ Զելենսկին է ընդունում։ Երմակը միայնակ չի կառավարում, այլ իշխանությունը ստանում է պետության ղեկավարի հետ տարօրինակ փոխկախվածությունից՝ մի երևույթ, որը ոչ ոք լիովին չի ըմբռնում։ Երբեմն համառ Երմակը պարզապես համառ Զելենսկու «փոխանորդն» է։ Սակայն պաշտոնյաները խոստովանում են, որ Երմակի ազդեցությունը նախագահի տեղեկատվության հոսքի վրա բավական մեծ է՝ «մինչև 85%», ըստ նրա աղբյուրներից մեկի։ Դա իշխանության հենց սրտում բամբասանքի և կասկածի վտանգավոր մթնոլորտ է ստեղծում։ «Անդրեյը մենաշնորհել է նախագահի ականջը, — ասում է աղբյուրներից մեկը։ -Վեց տարի մեկ սենյակում՝ նրան տեսակետ հայտնելով։ Ըստ էության, դա արդեն մեկ անձ է»։
Կոշտ կուլիսային քաղաքականությունը ո՛չ նոր է, ո՛չ էլ անսպասելի երեքուկես տարի պատերազմի բովում ապրող երկրում։ Տարօրինակ կլիներ, եթե հոգնած ղեկավարությունը չձգտեր կենտրոնացնել որոշումների ընդունումը։ Սակայն ռազմաճակատում իրավիճակի վատթարացման և արտասահմանում դաշնակիցների հիասթափության հետ մեկտեղ, չափազանց փակ և թունավոր իշխանության կառուցվածքը հատկապես վտանգավոր է դառնում։ Մտահոգություններ է առաջացնում նաև իշխանության իրականացման եղանակը. պատժամիջոցներ և վարչական միջոցառումներ են կիրառվում հակառակորդներին վերացնելու և նրանց հասարակական կյանքին մասնակցելուց խուսափելու համար։ Անկեղծության ակնկալիքներ չարժե ունենալ։ «Մինչ մենք հիմար խաղերով ենք ընկած, — դառնությամբ խոստովանում է բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, -ռուսները մեզ դանդաղ կրակի վրա են խորովում՝ դրանից բխող լրջագույն հետևանքներով»։