Մոսկվան 50 տարով արգելել է որոշ ուկրաինացիների մուտքը Ռուսաստան


Ուկրաինայի այն քաղաքացիների համար, որոնց Շերեմետևո օդանավակայանում ստուգումներ և վերահսկողություն անցնելիս թույլ չի տրվել մուտք գործել Ռուսաստանի Դաշնության տարածք, Սահմանային ծառայությունը որոշում է ընդունում 20-50 տարի ժամկետով Ռուսաստան մուտքն արգելելու մասին, դատական այս որոշումներին ծանոթացել է ТАСС-ը:

Ըստ փաստաթղթերի՝ որպես կանոն, ուկրաինացիներին Ռուսաստան մուտք գործել չի թույլատրվում նրանց գաջեթներում հայտնաբերված՝ Ուկրաինայի զինված ուժերի, հատուկ ծառայությունների հետ կապերի, Կիևի ռեժիմին աջակցության, ինչպես նաև հատուկ ռազմական գործողության և Ռուսաստանի Դաշնության նկատմամբ բացասական վերաբերմունքի պատճառով։ Գաջեթների ստուգումներն ավարտելուց հետո նրանց տեղեկացնում են ՌԴ մուտք գործել չթույլատրելու մասին: Ապա նրանց ուղարկում են այն երկիր, որտեղից ժամանել են Շերեմետևո։ Դրանից հետո որոշում է ընդունվում նրանց մուտքն ՌԴ արգելելու մասին։ Արգելքի ժամկետը 20-50 տարի է։

Փաստաթղթերից մեկում նշվում է, որ Ուկրաինայի քաղաքացին չի անցել սահմանային հսկողությունը՝ սոցիալական ցանցերում Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողների հետ հրապարակումների նկատմամբ դրական արձագանքների, ինչպես նաև ուկրաինամետ բովանդակության նկատմամբ հետաքրքրության պատճառով։ Այնուհետև նրան 50 տարով արգելվել է մուտք գործել երկիր։

«Զտման և ստուգման միջոցառումներ անցկացնելուց հետո Ուկրաինայի քաղաքացուն թույլ չեն տվել հատել ՌԴ պետական սահմանը։ <…> Հետագայում նրա վերաբերյալ որոշում է ընդունվել մինչև 2074 թվականի հուլիսի 12-ը չթույլատրել նրա մուտքը ՌԴ»,-ասված է փաստաթղթում։

Երկրորդ դեպքում, Ուկրաինայի քաղաքացին նույնպես չի կարողացել անցնել սահմանային հսկողությունը՝ Ուկրաինայի զինված ուժերին աջակցության պատճառով։ Բացի դրանից, տղամարդը բացասական վերաբերմունք է ունեցել հատուկ ռազմական գործողության և Ռուսաստանի կառավարության գործողությունների նկատմամբ, և նրա հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաինայի հատուկ ծառայությունների և իրավապահ մարմինների աշխատակիցների կոնտակտներ։ Նրան 20 տարով արգելվել է մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն։ Դատարանի փաստաթղթերում ասվում է, որ Ռուսաստանի ԱԴԾ-ն որոշում է ընդունել, որ ՌԴ տարածքում նրա ներկայությունն անցանկալի է մինչև 2044 թվականը։