ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի անդամ, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Բրեդ Շերմանը դեմ է արտահայտվել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին զենքի հնարավոր մատակարարմանը և Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին։
«Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի իր կատարած ագրեսիայի համար։ Չնայած ԱՄՆ-ի ներգրավվածությունն ու աջակցությունը Հայաստանին կարևոր են, Միացյալ Նահանգները պետք է ավելի ուժեղ դիրքորոշում ընդունի՝ Հայաստանին արդար և իրական անվտանգության երաշխիքներ տրամադրելու համար»,- ընդգծել է կոնգրեսականը։
Շերմանը շեշտել է, որ Միացյալ Նահանգները ոչ մի կերպ չպետք է կասեցնի «Ազատության աջակցության մասին» օրենքի 907-րդ ուղղումը, որն արգելում է ԱՄՆ-ի ռազմական օգնությունը Ադրբեջանին. «Ադրբեջանական ուժերը շարունակում են անօրինական կերպով պահել հայ ռազմագերիներին։ Բոլոր հայ ռազմագերիները պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակվեն»։