Ուկրաինան չի ընդունի որևէ համաձայնագիր, ներառյալ՝ Ռուսաստանի Դաշնությանը տարածքային զիջումներ, և պնդում է հրադադարի ռեժիմի վրա՝ որպես լիարժեք խաղաղության համաձայնագրի առաջին քայլ, գրում է Financial Times-ը։
Ըստ փաստաթղթի՝ Կիևը մերժել է նաև Թրամփին Ալյասկայում արված Պուտինի առաջարկը, այն է՝ սառեցնել առաջնագծի մնացած մասը, եթե Ուկրաինան դուրս բերի զորքերը երկրի արևելյան՝ Դոնեցկի և Լուգանսկի մարզերից։
Սա կստեղծի «ցատկահարթակ ռուսական զորքերի հետագա և արագ առաջխաղացման համար Դնեպրի ուղղությամբ» և Պուտինին հնարավորություն կտա «հասնել իր նպատակներին այլ միջոցներով»,- ասված է փաստաթղթում։
Գործարքի շրջանակում Ուկրաինան ցանկանում է ձեռք բերել առնվազն 10 ամերիկյան արտադրության Patriot հակաօդային պաշտպանության համակարգ, ինչպես նաև այլ հրթիռներ և սարքավորումներ։
Բացի դրանից, Կիևը միաժամանակ պնդում է Ռուսաստանից պատերազմի ընթացքում կրած վնասների լրիվ փոխհատուցում, որը հնարավոր է վճարվի արևմտյան երկրներում սառեցված 300 միլիարդ դոլարի ռուսական ինքնիշխան ակտիվներով, հաղորդում է УНИАН-ը։ Փաստաթղթում նշվում է նաև, որ պատժամիջոցների ցանկացած մեղմացում պետք է տրամադրվի միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը հետևի ապագա խաղաղության համաձայնագրին և «արդար խաղ վարի»։