ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն այսօր ընդունել է «Supermicro» տեխնոլոգիական ընկերության փոխնախագահ Քլեյ Չենի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայրապետյանը:
Նրա խոսքով, հանդիպման ընթացքում անդրադարձել են Հայաստանի թվային ենթակառուցվածքների զարգացման հեռանկարներին։
««Supermicro»-ն աշխարհում առաջատար ընկերություններից է բարձր արտադրողականությամբ սերվերների, պահեստավորման համակարգերի և էներգախնայող տվյալների կենտրոնների լուծումների ոլորտում։ Ընկերության տեխնոլոգիաները լայնորեն կիրառվում են արհեստական բանականության, մետատվյալների մշակման, ամպային հաշվարկների և առաջատար թվային ենթակառուցվածքների ոլորտներում։ Իմ խոսքում ընդգծել եմ, որ ՀՀ կառավարության համար առաջնային է Հայաստանի թվային ենթակառուցվածքների զարգացումը, արհեստական բանականության կիրառումը և նորարարական լուծումների ներդրումը»,- գրել է նախարարը։