Իրանի ռազմածովային ուժերի նավատորմը շուտով կհամալրվի նոր «Խուզեստան» ռազմանավով

Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, դերծովակալ Շահրամ Իրանին հայտարարել է, որ նոր «Խուզեստան» ռազմանավը շուտով կմիանա Իրանի Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերին՝ բարձրացնելով երկրի կարողությունը հեռավոր ծովային առաքելություններ իրականացնելու համար, հայտնում է Mehr-ը։

Դեր-ծովակալ Իրանին կիրակի օրն իր ելույթի ընթացքում զգուշացրել է, որ հակառակորդները փորձում են պառակտում մտցնել և խաթարել Իրանի հասարակության միասնությունը՝ իրենց ավելի լայն ռազմավարական նպատակներին հասնելու համար։

Խոսելով Իրանի ծովային տնտեսության և ռազմածովային ուժերի դերի մասին՝ նա նշել է, որ իրանական նավերի ուղեկցման խնդիրները միջազգային ջրերում կատարվում են հետևողականորեն և արդյունավետ։

Ըստ նրա, եթե նախկինում ուղեկցումը սահմանափակվում էր Իրանի մերձակա շրջաններով, ապա այսօր ռազմածովային ուժերը ուղեկցում են իրանական նավերն ամբողջ աշխարհում։ Ընդգծելով Իրանի ռազմածովային հզորության թե՛ «փափուկ», թե՛ «կոշտ» կողմերը՝ Իրանին ասել է, որ Իրանի ռազմածովային ուժերի օպերատիվ խմբերը ներկայումս մասնակցում են համատեղ զորավարժությունների՝ մեկը Արևելյան Ասիայում, մյուսը՝ Աֆրիկայի ափերի մոտ։

Խոսելով ռազմածովային ուժերի ընդլայնվող հնարավորությունների մասին՝ Իրանին հաստատել է, որ «Խուզեստան» ռազմական նավը, որը նույնատիպ է «Կորդեստանի» հետ, շուտով կմտնի ծառայության մեջ։ Նրա շահագործումը թույլ կտա Իրանին իրականացնել ավելի մասշտաբային ծովային առաքելություններ մեծ հեռավորությունների վրա։

Վերջում նա ընդգծել է, որ բոլոր երկրները կարող են օգտվել ծովային ռեսուրսներից՝ հավելելով, որ Իրանի ռազմածովային հզորությունը հնարավորություն է տալիս երկրին պաշտպանել և օգտագործել այդ ռեսուրսները՝ ազգային շահերի ապահովման համար։