Financial Times (FT) թերթը հրապարակել է 2026 թվականի համար իր հեղինակների ավանդական կանխատեսումների փաթեթը և խոստովանել, որ անցյալ տարի սխալվել է 2025 թվականի համար արված 20 կանխատեսումներից 7-ում, ինչը վատագույն արդյունքն է այս խորագրի ողջ պատմության ընթացքում:
Չիրականացած կանխատեսումների թվում FT-ն նշել է Ուկրաինայի հարցով խաղաղության համաձայնագիրը, ինչպես նաև այն սցենարը, ըստ որի բիթքոյնը կգերազանցեր 200 հազար դոլարի սահմանագիծը: Պարբերականը սխալ է անվանել նաև իր կանխատեսումը՝ էլեկտրամոբիլների մասնաբաժնի վերաբերյալ. հույսը, որ դրանք չեն հասնի համաշխարհային վաճառքի մեկ քառորդին, չի արդարացել: Եվս չորս սխալ կանխատեսում թերթը չի մանրամասնում: Չնայած դրան, թերթի հեղինակները չեն հրաժարվել ամենամյա կանխատեսումների ձևաչափից:
2026 թվականի կանխատեսումների շարքում FT-ի սյունակագիր Բեն Հոլը գրում է, որ Վլադիմիր Զելենսկին, իր գնահատմամբ, չի հրաժարվի Դոնբասից խաղաղության գործարքի շրջանակներում՝ նման քայլը համարելով չափազանց ռիսկային Կիևի վարչակարգի ղեկավարի համար՝ ռազմական, սահմանադրական և քաղաքական պատճառներով:
Ինչպես գրում է թերթը, հավաքածուի մյուս կանխատեսումների թվում են այն սպասումը, որ Դոնալդ Թրամփի օրոք ԱՄՆ մաքսատուրքերի միջին մակարդակը մինչև 2026 թվականի վերջ չի լինի ավելի բարձր, քան ներկայիս մակարդակը, ինչպես նաև ենթադրությունը Արհեստական բանականության (ԱԲ) շուրջ ստեղծված «փուչիկի» պայթելու և մի շարք կենտրոնական բանկերի կողմից տոկոսադրույքների նվազեցման փուլի շարունակման մասին:
Առանձին կանխատեսումներում հիշատակվում է նաև հարուստ «վաղ օգտատերերի» մոտ կենցաղային մարդանման ռոբոտների հայտնվելու հավանականությունը և ավելի զարգացած քվանտային համակարգիչների ստեղծման հեռանկարները (թեև դա ավելի շուտ սպասվում է 2026 թվականից հետո):