Մի քանի հարյուր ուսանողներ Միլանի պոլիտեխնիկական ինստիտուտի մոտ մասնակցել են ԱՄՆ ներգաղթի ծառայության դեմ բողոքի ակցիային: Ցույց է տեղի ունեցել նաեւ «Սան Սիրո» մարզադաշտում, որտեղ տեղի էր ունենում 25-րդ Ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությունը, հաղորդել է AFP-ն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ICE աշխատակիցները, որոնք խիստ քննադատության են ենթարկվել միգրանտների եւ քաղաքացիական ցուցարարների նկատմամբ իրենց վերաբերմունքի համար, մասնակցում են Օլիմպիական խաղերը դիտելու ժամանող ամերիկացի պաշտոնյաների պահպանությանը, տեղեկացրել է DW-ն:
Մարզադաշտում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին, որին կարճ ժամանակով ցուցադրել էին մեծ էկրանին Միացյալ Նահանգների հավաքականի մուտքի ժամանակ, զանգվածաբար սուլել են: Վենսը եւ նրա կինը զբաղեցրել են տեղեր Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր նախագահ Քիրսթի Քովենթրիի կողքին: Ներկաները նաեւ արտահայտված դժգոհությամբ են դիմավորել Իսրայելի օլիմպիական հավաքականին: Ուկրաինայի հավաքականի մուտքն ուղեկցվել է ամբոխի հուզական ողջույնով, որը զիջել է միայն Իտալիայի հավաքականին, հաղորդել է nt-v-ն:
ՌԴ եւ Բելառուսի մարզիկներին, որոնք հանդես են գալիս չեզոք դրոշի ներքո, թույլ չեն տվել մտնել մարզադաշտ ազգային հավաքականների երթի ժամանակ: