Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը 2025 թվականի հոկտեմբերին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցում իրեն համեմատել է «մկան» հետ, որն օգնում է «առյուծին»։ Այս մասին գրում է Bloomberg-ը՝ հղում անելով լրագրողների ձեռքի տակ հայտնված զրույցի սղագրությանը։
Օրբանի և Պուտինի զրույցը տեղի է ունեցել հոկտեմբերի 17-ին՝ կեսօրին մոտ։ Հունգարիայի կառավարության պատրաստած սղագրության իսկությունը հաստատել է գործակալության աղբյուրը։ Հեռախոսազրույցի ընթացքում Օրբանն ասել է, որ «պատրաստ է գնալ շատ քայլերի»՝ Պուտինին օգնելու համար, այդ թվում՝ Ուկրաինայում պատերազմի կարգավորման և Բուդապեշտում ԱՄՆ-ի հետ գագաթնաժողովի կազմակերպման հարցում։
«Երեկ մեր բարեկամությունը բարձրացավ այնպիսի մակարդակի, որ ես կարող եմ օգնել ինչով հնարավոր է։ Ամեն հարցում, որտեղ կարող եմ օգտակար լինել, ես Ձեր տրամադրության տակ եմ»,- Օրբանի խոսքերն է մեջբերում Bloomberg-ը։ Այս խոսքերը հաստատելու համար Օրբանը վկայակոչել է Հունգարիայում հայտնի մի մանկական հեքիաթ՝ հիմնված Եզոպոսի առակի վրա, որտեղ մուկն ազատում է ցանցի մեջ ընկած առյուծին այն բանից հետո, երբ վերջինս խնայում է նրա կյանքը։ Սղագրության մեջ նշվում է, որ այս դիտարկումը Պուտինի մոտ ծիծաղ է առաջացրել։
Ինչպես գրում է Bloomberg-ը, զրույցի մեծ մասը կողմերն անցկացրել են՝ «միմյանց, ինչպես նաև Դոնալդ Թրամփին երախտագիտություն հայտնելով»։ Թե՛ Պուտինը, թե՛ Օրբանը նախօրեին զրուցել էին Թրամփի հետ Բուդապեշտում Ռուսաստան-ԱՄՆ հնարավոր գագաթնաժողովի շուրջ, որն ի վերջո այդպես էլ տեղի չունեցավ։
Պուտինի հետ զրույցում Օրբանը նաև դժգոհել է, որ կորոնավիրուսի համավարակից հետո իրենց չի հաջողվում անձամբ հանդիպել նույնքան կանոնավոր, որքան նախկինում։ Պուտինն ի պատասխան բարձր է գնահատել Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ Հունգարիայի «անկախ և ճկուն» դիրքորոշումը։ «Մեզ համար անհասկանալի է, թե ինչու է նման կշռադատված, միջանկյալ դիրքորոշումը միայն առարկություններ հարուցում»,- ասել է նա։