ՀԴԲ տնօրեն Կեշ Պատելը հերքում է այն մեղադրանքները, որոնք ներկայացված են The Atlantic պարբերականի հոդվածում, նա մեղադրվում է այն բանում, որ չարաշահել է ալկոհոլը եւ երբեմն-երբեմն անհասանելի է եղել այդ պաշտոնում գտնվելու ժամանակ, գրել է The Guardian-ը։
Պատելը սպառնացել է դատի տալ The Atlantic-ին ուրբաթ օրը հրապարակված հոդվածի համար, որտեղ մանրամասն նկարագրված է նրա ենթադրյալ հարբածությունը եւ այն, թե ինչպես է նրա անվտանգության ծառայության թիմը բազմիցս դժվարացել նրան արթնացնելու հարցում։
Հոդվածում նաեւ նշվել էր, որ Պատելը մտահոգված է նրանով, որ, ըստ կառավարության ներկա եւ նախկին պաշտոնյաների, նա շուտով կարող է աշխատանքից ազատվել։ Ինքը՝ Պատելը, The Atlantic-ին ասել է. «Տպեք սա, սա ամբողջությամբ կեղծ է, կհանդիպենք դատարանում, բերեք ձեր չեկի գրքույկը»։
Մեղադրանքները, որոնք վերագրվում են ներկա եւ նախկին երկու տասնյակ այլ պաշտոնյաների, ընդամենը վերջին միջադեպերն են, որոնք հարցեր են առաջացնում Պատելի պրոֆեսիոնալիզմի եւ ԱՄՆ դաշնային իրավապահ եւ հետախուզական գերատեսչությունը ղեկավարելու նրա կարողության վերաբերյալ։
Ավելի վաղ ՀԴԲ տնօրենը քննադատության էր ենթարկվել սոցցանցերում վաղաժամ հայտարարելու համար, որ իր գործակալությունը բացահայտել է Չարլի Քըրքի սպանության եւ Բրաունի համալսարանի կրակոցների մեջ կասկածվողներին։
Նրան նաեւ քննադատել էին այն բանի համար, որ օգտվել էր կառավարական ինքնաթիռից, որպեսզի տեսներ, թե ինչպես է իր ընկերուհին երգում ազգային հիմնը ռեսթլինգի խաղի, եւ այն բանի համար, որ թռել էր Միլան ՀԴԲ ինքնաթիռով, որպեսզի դիտի հոկեյի ԱՄՆ տղամարդկանց հավաքականի խաղը։ ։
Տեղեկացվել էր, որ հաղթանակից հետո ՀԴԲ տնօրենը նրանց հետ հանդերձարանում գարեջուր է խմել։
Անցյալ տարի ՀԴԲ թոշակառու եւ գործող գործակալների մի խումբ նույնպես զեկույց էր հրապարակել, որում նշվել էր, որ Պատելն «իր ափսեում չէ» եւ «չունի անհրաժեշտ գիտելիքներ կամ խոր հասկացողություն ՀԴԲ ունիկալ եւ բարդ հետաքննչական եւ հետախուզական ծրագրերի վերաբերյալ»։
Չնայած իր բուռն պաշտոնավարմանը՝ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը The Atlantic-ին ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնը ստանձնելուց ի վեր «հանցավորությունը երկրում նվազել է՝ 100 տարվա ընթացքում ամենացածր մակարդակին, եւ շատ հայտնի հանցագործներ բանտարկվել են: Տնօրեն Պատելը շարունակում է մնալ կարեւոր խաղացող վարչակազմի թիմում՝ իրավակարգի ապահովման գծով»: Բայց պարբերականի հոդվածում նշվել է, որ Պատելը շատ է խմում Վաշինգտոնի եւ Լաս Վեգասի ակումբներում, որտեղ հաճախ անցկացնում է հանգստյան օրերը: Հանդիպումներն ու ճեպազրույցները հետաձգվել են ալկոհոլային խմիչքներով լի երեկոների պատճառով, The Atlantic-ին ասել են ներկա եւ նախկին վեց պաշտոնյաներ:
Ինչպես հայտնել է լրագրող Սառա Ֆիթցպատրիկը, մի անգամ, երբ անցյալ տարի Պատելը գտնվում էր փակ դռների հետեւում եւ անվտանգության ծառայության աշխատակիցները չեն կարողացել կապ հաստատել նրա հետ, «հարցում է արվել այն սարքավորման համար, որը սովորաբար օգտագործվում է հատուկջոկատայինների եւ պատանդների ազատման թիմերի կողմից արագ շենք մուտք գործելու համար»։ Պաշտոնատար անձինք նաեւ հայտնել են, որ Պատելի վարքագիծը սպառնալիք է դարձել հասարակական անվտանգության համար, եւ որ նրանք մտահոգված են այն բանով, թե ինչ կարող է պատահել ներքին ահաբեկչոթւյան դեպքում։