Աշխարհը կարող է հայտնվել նոր տնտեսական ճգնաժամի առաջ: Դրա մասին Süddeutsche Zeitung պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Մյունխենի տնտեսական հետազոտությունների ինստիտուտի ղեկավար Կլեմենս Ֆյուսթը։

Նա նշել է, որ Միացյալ Նահանգներն ինքնին համաշխարհային տնտեսությունը ճգնաժամի մեջ չի գցի։

«Բայց եթե հովանավորչությունը սկսի ավելի ու ավելի արագ տարածվել թե՛ Չինաստանում, թե՛ Եվրոպայում, դա մեծ վտանգ է պարունակում», — ընդգծել է նա։ Նա հավելել է, որ եթե ամեն ինչ գնա «սխալ ուղղությամբ», դա կարող է հանգեցնել «լուրջ ճգնաժամի», գրում է գերմանական Deutsche Welle պարբերականը։ Ֆյուսթը նշել է, որ ամերիկացիները ոչնչացնում են վստահելի գործընկերոջ իրենց համբավը, ինչը վտանգավոր է, քանի որ Միացյալ Նահանգները «դեռևս ամենակարևոր տնտեսական ուժն է աշխարհում», և այն, ինչ տեղի է ունենում, «անհանգստացնող ազդանշան է»։

«Աշխարհի շուկայական կապիտալիզացիայի երկու երրորդը ԱՄՆ ֆոնդային շուկայում է, իսկ դոլարը համաշխարհային պահուստային արժույթն է: Եթե այս ամենը փլուզվի, անկանխատեսելի հետևանքներ կլինեն»,-զգուշացրել է Ֆյուսթը: