
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Լոնդոնում անցկացված հանդիպումից հետո Ուկրաինայի հարցով նոր փաստաթուղթ է ձևավորվել։ Այդ փաստաթուղթն արդեն փոխանցվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։
РБК-Украина-ի իրազեկ աղբյուրը պարզաբանել է, թե կոնկրետ ինչ փաստաթուղթ է քննարկվում։
Ըստ աղբյուրի՝ նախօրեին Լոնդոնում համաձայնեցվել է որոշակի փաստաթուղթ, որը Թրամփի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը տարել է Վաշինգտոն։
«Այն պարունակում է պատերազմի վերաբերյալ եվրոպացիների՝ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ուկրաինայի ընդհանուր տեսլականը»,- նշել է աղբյուրը։
Այսօր Հարավային Աֆրիկա այցի ընթացքում Զելենսկին հայտարարել է, որ ապրիլի 23-ին լոնդոնյան հանդիպմից հետո նոր առաջարկներն արդեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սեղանին են։ Նա նշել է, որ խաղաղության համաձայնագիրը չի կարող պարունակել որևէ բան, որը հակասում է Ուկրաինայի Սահմանադրությանը և արժեքներին։
Ըստ Զելենսկու՝ ԱՄՆ-ի ծրագրից հետո (խոսքը Ղրիմը և Ուկրաինայի բռնազավթված տարածքների մի մասը ռուսական ճանաչելու առաջարկի մասին է) այլ առաջարկներ են հայտնվել, որոնք արդեն փոխանցվել են Թրամփին։
Նախօրեին Լոնդոնում տեղի է ունեցել Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի պատվիրակությունների հանդիպումը։ Հանդիպել են նաև ուկրաինական և ամերիկյան պատվիրակությունները։ Սակայն ի սկզբանե սպասվում էր, որ հանդիպումը տեղի կունենա նախարարների մակարդակով, սակայն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն անտեսել է այն։
Լոնդոնյան հանդիպումն իսկապես տեղի է ունեցել, սակայն բանակցություններն ընթացել են ավելի ցածր մակարդակով՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականների մասնակցությամբ։ Երկկողմ հանդիպումներ են ունեցել նաև Ուկրաինայի և Մեծ Բրիտանիայի պաշտպանության և արտաքին գործերի նախարարները։
Ըստ լրատվամիջոցների՝ Ռուբիոն բոյկոտել է բանակցությունները Լոնդոնում, քանի որ Զելենսկին մերժել է Ղրիմը Ռուսաստանի Դաշնության կազմում ճանաչելու ԱՄՆ-ի առանցքային առաջարկը։