
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ օրը ողջունել է այն համաձայնագիրը, որի համաձայն՝ Իսպանիան կգնի թուրքական արտադրության HURJET ուսումնամարզական ինքնաթիռներ՝ դա անվանելով Թուրքիայի «նորարարական դերի» վկայություն պաշտպանական եւ ավիացիոն արդյունաբերությունում, տեղեկացրել է AFP-ն։
Թուրք պաշտոնատար անձանց տվյալներով՝ գործարքի շրջանակում, որն ստորագրվել է այս շաբաթ, Իսպանիայի ՌՕՈւ-ն Թուրքիայից կգնի 2,6 մլրդ եվրո արժողությամբ 30 HURJET ինքնաթիռ։
Ստամբուլում կայացած միջոցառմանն ունեցած ելույթում Էրդողանը հայտնել է, որ Թուրքիան դարձել է աշխարհում ճանաչված խաղացող պաշտպանական եւ ավիացիոն սեկտորներում։ «Բոլորովին վերջերս համաձայնագիրը, որը մենք կնքեցինք Իսպանիայի հետ, հաստատեց մեր երկրի առաջատար դերն այս ոլորտում»,- ասել է Էրդողանը։
Նա ավելացրել է, որ HURJET-ի ներառումը Եվրամիության եւ ՆԱՏՕ անդամ երկրների սպառազինությունների ցանկում էլ ավելի կընդլայնի Թուրքիայի հնարավորություններն առաջիկա տարիներին։
Երեքշաբթի Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գործակալության ղեկավար Հալուք Գորգունը համաձայնագիրը բնութագրել է որպես ավելին, քան պարզապես ինքնաթիռների վաճառքն է։
«Դա պարզապես ուսումնական ինքնաթիռի ձեռքբերման գործարք չէ։ Դա համալիր փաթեթ է, որը ներառում է ցամաքային համակարգեր, մոդելավորման համակարգեր, տեխսպասարկման ծառայություններ, ինչպես նաեւ համագործակցության մոդել»,- ասել է Գորգունը։
Նա ավելացրել է, որ համաձայնագիրն ընդգծում է համագործակցության խորացումը պաշտպանական արդյունաբերության եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտում Թուրքիայի եւ Իսպանիայի միջեւ՝ նշելով, որ ժամանակի ընթացքում ինքնաթիռների կոնֆիգուրացիան կթարմացվի Իսպանիայի՝ կոնկրետ շահագործման պահանջներին համապատասխան։