ՀԱՄԱՍ-ը ողջ մնացած պատանդների կեսին պահում է պատերազմական գոտում

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն Իսրայելի ողջ մնացած պատանդների կեսին պահում է այն շրջաններում, որոնք ներկայում պատերազմական գոտիներ են:

Համապատասխան հայտարարությունը հրապարակել է շարժման ռազմական թևի՝ «Իզեդդին ալ-Քասամ բրիգադ» խմբավորման ներկայացուցիչ Աբու Ուբեյդը։

«Ողջ մնացած պատանդների կեսը գտնվում է այն տարածքներում, որտեղից իսրայելցի զինվորականները վերջերս հրամայել են տարհանել: Մենք որոշեցինք նրանց չտեղափոխել անվտանգ վայրեր, այլ թողնել այնտեղ, որտեղ նրանք հիմա են, խիստ անվտանգության ներքո, սակայն նրանց կյանքը դեռ ծայրահեղ վտանգի տակ է»,- գրել է նա իր թելեգրամյան ալիքում:

Արմատականների ներկայացուցիչը դիմել է Իսրայելի իշխանություններին՝ պահանջելով «անհապաղ բանակցություններ սկսել մարտական ​​գոտում պահվող պատանդներին ազատելու կամ տարհանելու շուրջ»։

Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը հունվարի 15-ին պայմանավորվել են ազատ արձակել Գազայում պահվող պատանդներին և անկլավում հրադադար հաստատել։ Համաձայնագիրը, որը ներառում է երեք փուլ, ուժի մեջ է մտել հունվարի 19-ին, դրա առաջին փուլն ավարտվել է մարտի 1-ին։

Ենթադրվում էր, որ համաձայնագրի առաջին փուլում կողմերը պայմանավորվելու են հրադադարի երկրորդ փուլի իրականացման շուրջ, սակայն դա տեղի չի ունեցել։ Մարտի 18-ին իսրայելական բանակը վերսկսել է ռազմական գործողությունները Գազայի հատվածում՝ զանգվածային հարձակումներ կատարելով անկլավի վրա։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը դա բացատրել է արմատական ​​պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից միջնորդների և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի՝ բանակցություններում արած առաջարկներից հրաժարվելու փաստով՝ հայտարարելով, որ այդ հատվածում գործողության նպատակը բոլոր պատանդների ազատումն է։ Արմատականները ռազմական գործողությունների վերսկսման համար մեղադրում էին Իսրայելին և ԱՄՆ-ին։

Ըստ իսրայելական կողմի վերջին տեղեկությունների՝ Գազայի հատվածում արմատականները շարունակում են 59 պատանդ պահել, ներառյալ՝ դոնբասցի Մաքսիմ Խարկինին, որի մերձավոր ազգականները Ռուսաստանի քաղաքացիություն ունեն։