Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆն ազգին ուղղված իր վերջին ուղերձում խոսել է իր երկրի «խաղաղասեր բնույթի» մասին՝ չմոռանալով նշել, որ Պակիստանը մտադիր է «վերականգնել իր ամբողջականությունը», հաղորդում է The Guardian-ը։
Նա շնորհակալություն է հայտնել մի քանի երկրների, այդ թվում՝ Սաուդյան Արաբիային և Չինաստանին, հրադադարի հաստատմանն ուղղված ջանքերի համար և չի մոռացել մեղադրել Հնդկաստանին «կեղծ տեղեկատվություն» տարածելու, «մզկիթներ ոչնչացնելու և Պակիստանում խաղաղ բնակիչներ սպանելու» մեջ։
«Մենք շատ պատասխանատու երկիր ենք, և մենք դա ցույց ենք տվել։ Մենք խաղաղություն ենք ուզում։ Մենք խաղաղասեր ազգ ենք… Մենք հրադադարի համաձայնագիր ենք կնքել, և մենք շատ դրական ենք տրամադրված դրան», — ասել է Շարիֆը։
Նա հավելել է, որ հրադադարի համաձայնագիրը ձեռք է բերվել «բոլորի օգտին»։ «Մենք անգործ չենք նստի, մինչև Պակիստանը չվերականգնի իր կորցրած ամբողջականությունը, և Աստծո շնորհիվ այդ ժամանակը հեռու չէ», — եզրափակել է նա։
Հիշենք, որ հրադադարի համաձայնագրի կնքումից հետո այն խախտել է Պակիստանը։
Ավելին, մի ժամանակ «խաղաղասեր» Պակիստանը շատ ակտիվ դեր է խաղացել ադրբեջանական ագրեսիայում Արցախի Հանրապետության հայերի դեմ։