Թուրքիայում Բրիտանիայի առևտրային ներկայացուցիչը հրաժարական է տվել օկուպացված Հյուսիսային Կիպրոս կատարած այցից հետո


Լեյբորիստական կուսակցության պատգամավոր և Թուրքիայում Մեծ Բրիտանիայի առևտրային ներկայացուցիչ Աֆզալ Խանը հրաժարական է տվել՝ օգոստոսի 8-ին Թուրքիայի օկուպացրած Հյուսիսային Կիպրոս կատարած այցի շուրջ քննադատություններից հետո, հաղորդում է Euronews-ը։

Այդ տարածքը, բացի Թուրքիայից, չի ճանաչում որևէ այլ երկիր, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան, այն բանից հետո, երբ 1974 թվականին Թուրքիայի ներխուժման և կղզու հյուսիսային հատվածի օկուպացիայի հետևանքով այն իրեն հռչակեց «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն»։

Խանը լրագրողներին պատմել է, որ ինքն է վճարել ուղևորության համար և այցելել է իր ընտանիքին, ինչպես նաև համալսարանում պատվավոր կոչում է ստացել։ Սակայն իր ուղևորության ընթացքում նա հանդիպել է նաև թուրք կիպրացիների առաջնորդ Էրսին Թաթարի հետ։

Սա զգալի բացասական արձագանք է առաջացրել ինչպես Կիպրոսի կառավարության, այնպես էլ հենց Մեծ Բրիտանիայի ներսում։ Կիպրոսի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված կառավարությունը, որը հիմնված է կղզու՝ հիմնականում հունախոս հարավում, նրա գործողություններն այն ժամանակ որակել էր «բացարձակապես դատապարտելի և անընդունելի»։

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունն անցյալ շաբաթ հայտարարել էր, որ Խանի այցը «կատարվել է անձնական կարգավիճակով», իսկ ուրբաթ օրը ընդունել է նրա հրաժարականը։

Շաբաթ օրը Կիպրոսի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է հրապարակել, որում ողջունել է նրա հրաժարականը՝ այն անվանելով «կարևոր իրադարձություն, որը տվյալ կոնկրետ պահին էլ ավելի մեծ նշանակություն ունի»։