Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Լիբանանի հետ խաղաղության հաստատման և Իսրայելի հետ ուղիղ երկխոսություն սկսելու կոչ է արել Բեյրութին։
«Մեր երկրների միջև խաղաղությունը հնարավոր է։ Լիբանանի կառավարությանը կոչ եմ անում ուղիղ բանակցություններ սկսել Իսրայելի հետ»,- հայտարարել է նա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում։
Վարչապետն ընդգծել է, որ նախապայման է շիական «Հըզբոլլահ» խմբավորման զինաթափումը, որը սպառնալիք է ներկայացնում Իսրայելի համար։ «Ես գնահատում եմ Լիբանանի կառավարության նպատակը՝ զինաթափել «Հըզբոլլահը», բայց անհրաժեշտ են իրական և մշտական գործողություններ։ Եթե Լիբանանը նման քայլեր ձեռնարկի, վստահ եմ, որ կայուն խաղաղությունը հնարավոր է»,- ասել է նա։
Միևնույն ժամանակ, Նեթանյահուն զգուշացրել է, որ մինչև «Հըզբոլլահը» չզինաթափվի, Իսրայելը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ պաշտպանվելու և հրադադարը պահպանելու համար։ «Մեր նպատակը ոչ միայն «Հըզբոլլահ»-ի գործողությունները վերահսկելն է, այլև հրադադարի ցանկացած խախտում և Իսրայելի վրա հարձակումները կանխելը»,- ընդգծել է նա։