Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս է հայտնել, որ անցյալ ամիս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ իր հանդիպումը կնպաստի Թուրքիայի կողմից F-35 ինքնաթիռների ձեռքբերումը խոչընդոտող պատժամիջոցները վերացնելուն, հայտնել է Reuters-ը։
Թրամփի և Էրդողանի՝ երկու շաբաթ առաջ Սպիտակ տանը բանակցությունների հիմնական հարցերն էին 2020 թվականին ռուսական S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերման համար Թուրքիայի դեմ սահմանված ԱՄՆ պատժամիջոցները և մեղադրանքները, որ թուրքական Halkbank բանկն Իրանին օգնում է որոշակի պատժամիջոցներից խուսափելու հարցում։
Այնուամենայնիվ, հանդիպումից հետո կողմերը այս հարցերի վերաբերյալ որևէ համաձայնության մասին չեն հայտարարել։
«Հույս ունեմ, որ F-35-ի հարցը կլուծվի, և պատժամիջոցները… կվերացվեն։ Մենք պետք է հասնենք դրան։ Մեր այցը նոր դարաշրջան բացեց թուրք-ամերիկյան հարաբերություններում և ավելի ամրապնդեց մեր միջև երկխոսությունն ու բարեկամությունը»,- հինգշաբթի ասել է Էրդողանը։
Թուրքիայի նախագահն առանձնացրել է Halkbank-ի հետ կապված իրավիճակը. նրա խոսքով՝ ինչպես Սպիտակ տանը, այնպես էլ հեռախոսազրույցի ժամանակ Թրամփն իրեն տեղեկացրել է, որ բանկի խնդիրը « մեզ համար լուծված է»։