Վենեսուելայի գործերին ԱՄՆ ներգրավվածությունը կարող է տարիներ տևել. Թրամփ


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը The New York Times-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ իր երկրի ներգրավվածությունը Վենեսուելայի գործերին կարող է տարիներ տևել։

Նա ասել է, որ «միայն ժամանակը ցույց կտա», թե իր վարչակազմը որքան կհսկի հարավամերիկյան երկրի կառավարումը՝ շաբաթ օրը ԱՄՆ ուժերի կողմից Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի գերեվարումից հետո։

Թրամփը չի նշել նաև՝ Վենեսուելայում ընտրություններ կանցկացվե՞ն արդյոք Մադուրոյի հավատարիմ Դելսի Ռոդրիգեսի գլխավորած ժամանակավոր կառավարությանը փոխարինելու համար, և եթե այո՝ ե՞րբ դա տեղի կունենա։

Լրագրողները Թրամփին հարցրել են Վենեսուելայի ապագայի վերաբերյալ նրա ծրագրերի մասին՝ նավթով հարուստ երկիրը կառավարելու նրա վարչակազմի հայտարարությունից մի քանի օր անց։

Չորեքշաբթի ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարել էր, թե ԱՄՆ-ն պատժամիջոցների տակ գտնվող նավթի վաճառքը«անորոշ ժամանակով» կվերահսկի։

Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը «նավթ կվերցնի» աշխարհի ամենամեծ ապացուցված պաշարներն ունեցող Վենեսուելայից, սակայն ընդունել է, որ երկրի նավթարդյունաբերությունը վերականգնելու համար «որոշ ժամանակ կպահանջվի», քանի որ Վենեսուելայի նավթի արտադրությունը վատ կառավարման պատճառով կտրուկ նվազել է: Թրամփը The New York Times-ին տված հարցազրույցում ասել է, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն «մշտական ​​կապի մեջ է» Վենեսուելայի ժամանակավոր նախագահ Դելսի Ռոդրիգեսի հետ: Նա հավելել է, որ Ռոդրիգեսը «մեզ տալիս է այն ամենը, ինչ անհրաժեշտ ենք համարում»: