Արգենտինան հայտնել է, որ բացահայտել է «ռուսական լրտեսական ցանց», գրում է DW-ն։

Ըստ լրատվամիջոցի, նպատակն էր ստեղծել Ռուսաստանին հավատարիմ մարդկանց խումբ՝ «Արգենտինա պետության դեմ ապատեղեկատվական արշավներ և գործողություններ իրականացնելու համար»։ Ենթադրվում է, որ այդ «կազմակերպությունը» ֆինանսավորվել է Կրեմլի կողմից։

Արգենտինական հետախուզության տվյալներով՝ երկրում բնակվող Ռուսաստանի քաղաքացի Լև Անդրիաշվիլին կնոջ՝ Իրինա Յակովենկոյի հետ կապեր է հաստատել տեղական կառույցների հետ և գումար է բաժանել ապատեղեկատվություն տարածելու համար։ Մասնավորապես, զույգը գրառումներ էր անում սոցիալական ցանցերում, կապեր էր հաստատում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և ՀԿ-ների հետ, ինչպես նաև հավաքում էր տեղեկատվություն երկրում սպասվող քաղաքական իրադարձությունների մասին։

Երկրում Ռուսաստանի դեսպանատունը ռուսների դեմ կասկածները անվանել է «լրտեսական մոլուցքի» ևս մեկ փուլ և այն համարել է Մոսկվայի հակառակորդների փորձ՝ «սեպ խրել» երկու երկրների միջև հարաբերություններում։