Հայաստանը և Ադրբեջանը ուրբաթ, օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրեցին խաղաղության համաձայնագրի մտադրության հռչակագիր, որը ներկայացվեց որպես պատմական իրադարձություն: Սակայն, Հարավային Կովկասում իրավիճակը կայունացնելու ակնհայտ ցանկության հետևում, տեքստը անտեսում է հիմնական հարցերը՝ վտանգելով արդար և երկարատև խաղաղության հեռանկարները: Դրա մասին ասվում է Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի հայտարարության մեջ:
««Շրջանակ»-ը ողջունում է Հայաստանի իշխանությունների հայտարարած հանձնառությունը՝ հասնելու խաղաղության համաձայնագրի, որը ցույց է տալիս տարածաշրջանի համար նոր դարաշրջան բացելու անկեղծ ցանկությունը։ Սակայն, «Շրջանակ»-ը ափսոսանք է հայտնում, որ հայտարարության մեջ չի հիշատակվում Լեռնային Ղարաբաղից հայ փախստականների՝ 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների զոհերի վերադարձի իրավունքը, ինչպես նաև Բաքվում դեռևս պահվող հայ ռազմագերիների ազատ արձակումը։ Այն միաժամանակ լռում է Արցախում հայկական մշակութային ժառանգության պաշտպանության մասին, որը ներկայում ոչնչացման կամ յուրացման լուրջ սպառնալիքի տակ է։
Մեկ այլ տագնապալից պահ է Հայաստանի և Ադրբեջանի նախարարների համատեղ դիմումը Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությանը (ԵԱՀԿ)՝ «ԵԱՀԿ Մինսկի խմբի և դրան առնչվող մեխանիզմների լուծարման» վերաբերյալ։ Չնայած այն հանգամանքին, որ կառույցը հինգ տարի անգործուն է եղել, այս նախաձեռնությունը, եթե ընդունվի, վերջնականապես կզրկի միջազգային հանրությանը ղարաբաղյան հակամարտության չլուծված խնդիրները լուծելու բազմակողմանի մեխանիզմից։
Հայտարարությունը միաժամանակ նախատեսում է «միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի ուղու» ներդրումը Հայաստանի տարածքում, ներառյալ Հայաստանի Հանրապետության տարածքով «Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև անարգել հաղորդակցությունը»։ Այս միջանցքն, անշուշտ, կկապի Ադրբեջանը Թուրքիայի հետ և, անշուշտ, կամրապնդի այդ երկու պետությունների ռազմավարական դիրքերը տարածաշրջանում։ «Շրջանակ»-ը լուրջ մտահոգություն է հայտնում ուժերի անհավասարակշռության մեծացման ռիսկի վերաբերյալ, որն առանց այդ էլ անբարենպաստ է Հայաստանի համար։
«Մեր հին եվրոպական մայրցամաքի պատմությունը մեզ հիշեցնում է, որ ցանկացած գնով խաղաղությունը երկարատև խաղաղության լավագույն երաշխիքը չէ, և որ այն պատրանքը, որ ագրեսորին բավարարելը անպայման կչափավորի նրա ախորժակը, բազմիցս հերքվել է։ Եթե ընդունենք այդ ճշմարտությունը ռուս-ուկրաինական հակամարտության համատեքստում, ապա պետք է ճանաչենք, որ այն լիովին կիրառելի է նաև ղարաբաղյան հակամարտության համար, որը, մեր կարծիքով, չի ներառվել Խաղաղության մտադրության հռչակագրում»,- հայտարարել է Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Պուպպոնին»,- ասված է կազմակերպության հայտարարության մեջ։