Իրանի նախագահն ամսվա վերջին Չինաստանում կմասնակցի ՇՀԿ գագաթնաժողովին


Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն առաջիկա օրերին կայցելի Հայաստան և Բելառուս, իսկ այս ամսվա վերջին կմեկնի Չինաստան՝ մասնակցելու ՇՀԿ գագաթնաժողովին։ Այս մասին հայտնել է Փեզեշքիանի քաղաքական խորհրդական Մեհդի Սանային, հաղորդում է Tasnim-ը։

Իրանի նախագահի քաղաքական խորհրդականը շաբաթ օրը հայտարարել է, որ Փեզեշքիանը Թեհրանը կլքի երկուշաբթի՝ օգոստոսի 18-ի երեկոյան՝ երկօրյա այցով մեկնելով Հայաստան և Բելառուս։

«Այցի նպատակների թվում են երկկողմ հարաբերությունների ամրապնդումը, հատկապես առևտրի ոլորտում, և փաստաթղթերի ստորագրումը», — ասել է Մեհդի Սանային։

Նա նշել է, որ նախագահի այցերը Հայաստան և Բելառուս նախատեսված էին հունիսի վերջին, սակայն հետաձգվել էին։

Սանային նաև հայտնել է, որ Փեզեշքիանը հրավիրված է օգոստոսի վերջին Չինաստանում մասնակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովին։

Օգոստոսի 31-ին և սեպտեմբերի 1-ին Չինաստանի Տյանցզին քաղաքում տեղի կունենա Շանհայի համագործակցության կազմակերպության պետությունների ղեկավարների խորհրդի 25-րդ նիստը։ ՇՀԿ-ի ամենամյա գագաթնաժողովը Չինաստանում կանցկացվի հինգերորդ անգամ։