Հունիսին սպասվող համապետական ընտրություններից առաջ Ներքին գործերի նախարարությունը քաղաքական յուրօրինակ «նվեր» է մատուցել իշխանություններին։ 2026-ի սկզբին ներդրված նոր մեթոդաբանության շնորհիվ առաջին անգամ Հայաստանում հանցավորության տվյալներն ամփոփվել են՝ առանձնացնելով հանցագործությունների հաշվառման տարին և դրանց փաստացի կատարման ժամանակը, ինչն էլ ստեղծել է քրեածին իրավիճակի բարելավման տպավորություն։
Հանցագործությունների ընդհանուր թվից նախորդ տարիների դեպքերը «մաքրելով»՝ ՆԳՆ-ն, ըստ էության, փոքրացրել է հաշվարկային հայտարարը, ինչի արդյունքում բացահայտման տոկոսը շեշտակի աճ է գրանցել։
Այսպես. համաձայն ՆԳՆ պաշտոնական վիճակագրական տվյալների՝ 2024 թվականին հաշվառվել է 40,232 հանցագործություն, իսկ 2025 թվականին՝ 46,337։ Այսինքն՝ նախկին մեթոդաբանությամբ հաշվարկելու դեպքում ՆԳՆ-ն ստիպված էր լինելու արձանագրել, որ 2024-ի համեմատ 2025-ին հանցագործությունների թիվն աճել է 6,105 դեպքով կամ 15.17%-ով։
Մինչդեռ նոր մեթոդաբանության կիրառմամբ, հաշվի առնելով հանցագործությունների փաստացի կատարման ժամանակը, ստացվել է բոլորովին այլ պատկեր. 2024-ին իրականում կատարվել է 42,057 հանցագործություն, իսկ 2025-ին՝ 40,722։ Արդյունքում ՆԳՆ-ն արձանագրել է, որ 2025 թվականին հանցագործությունների թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է 1,335 դեպքով կամ 3.2%-ով։ Հիշյալ վիճակագրությունն իր հերթին 2025 թվականի տարեկան հաղորդման մեջ կիրառել է Դատախազությունը՝ փաստելով հանցավորության դեպքերի նվազում։
Ուշագրավ է, որ նախկինում, երբ տարեկան կտրվածքով հանցավորության թվերը կայուն էին կամ նվազման միտում ունեին, ՆԳՆ-ն երբևէ չի բարձրաձայնել, որ իրենց հաշվարկներն իրականացվում են «սխալ» կամ թերի մեթոդաբանությամբ, իսկ դատախազությունն իր վերլուծություններում կամ տարեկան հաղորդումներում երբևէ չի անդրադարձել մեթոդաբանության լավարկման խնդրին։
Թեև մասնագիտական տեսանկյունից նոր մեթոդաբանության կիրառումը կարող է հիմնավորված համարվել, սակայն հարց է առաջանում՝ ինչո՞ւ այն չի ներդրվել ավելի վաղ և զարմանալիորեն համընկել է նախընտրական տարում արձանագրված հանցավորության շեշտակի աճը «մեղմելու» անհրաժեշտության հետ։